Էջ:Nikolai Gogol, Taras Bulba (Նիկոլայ Գոգոլ, Տարաս Բուլբա).djvu/38

Այս էջը հաստատված է

աշխատողների աղմուկի և զարկերի մեջ չէին լսվում նրա բառերը։

«Իսկ ի՞նչ եք բերել», — հարցրեց կոշևոյը, երբ լաստը շրջվեց դեպի ափը։ Բոլոր բանողները, աշխատանքը թողնելով և բարձացնելով կացիններն ու դուրերը, կանգնած նայում էին։

«Փորձանք», — լաստից բղավեց կարճահասակ կոզակը։

«Ի՞նչ փորձանք»։

«Պան զապորոժցիներ, թույլ տվեք խոսք ասելու»։

«Ասա»։

«Կամ գուցե ուզում եք հավաքել ռադան»։

«Ասա, բոլորս այստեղ ենք»։ Ամբողջ ափը հավաքվեց մի տեղ։

«Իսկ մի՞թե դուք ոչինչ չեք լսել, թե ինչ է կատարվում հեթմանի երկրում»։

«Ի՞նչ», — արտասանեց կուրենի ատամաններից մեկը։

«Է՜… ի՜նչ։ Երևի թաթարը բանգի է լցրել ձեր ականջը, որ դուք ոչինչ չեք լսել»։

«Դե ասա, ի՞նչ է պատահել այնտեղ»։

«Այն է պատահել, որ մորից ծնվել ենք, մկրտվել ենք, մեր օրում այդպիսի բան չենք տեսել»։

«Դե, շան որդի, ասա տեսնենք, ի՞նչ է պատահել», — բղավեց բազմության միջից մեկը, ըստ երևույթին կորցնելով համբերությունը։

«Այնպիսի ժամանակներ են հիմա, որ սուրբ եկեղեցիներն այժմ մերը չեն»։

«Ո՞նց թե մերը չեն»։

«Հիմա ջհուդները վարձով են վերցրել եկեղեցիները։ Եթե առաջ ջհուդին փող չտաս, չես կարող պատարագ անել»։

«Ի՞նչ ես խոսում»։

«Եվ եթե շունշանորդի ջհուդն իր պիղծ ձեռքով սրբազան պասքայի վրա նշան չդնի, չի կարելի պասքան օրհնել»։

«Պան եղբայրներ, նա փչում է. չի կարող լինել, որ պիղծ ջհուդը նշան դնի սրբազան պասքայի վրա»։

«Լսե՛ք, դեռ ավելի վատը կասեմ․ հիմա ամբողջ Ուկրաինայում կաթոլիկ տերտերները ման են գալիս տարատայկաներով։ Պատուհասն այն չի, որ նրանք տարատայկա են նստում,