Էջ:Nikolai Gogol, Taras Bulba (Նիկոլայ Գոգոլ, Տարաս Բուլբա).djvu/39

Այս էջը հաստատված է

այլ այն, որ լծում են ոչ թե ձիեր, այլ ուղղափառ քրիստոնյաներ։ Լսե՛ք, դեռ ավելի վատը կասեմ. արդեն, ասում են, ջհուդի կանայք մեր քահանաների շուրջառներից իրենց համար դեյրա են կարել։ Ահա թե ինչ բաներ են պատահել Ուկրաինայում, պան զապորոժցիներ։ Իսկ դուք նստել եք այստեղ, Զապորոժում, քեֆ եք անում։ Հը՜մ, երևում է, որ թաթարը ձեզ այնպես է վախեցրել, որ դուք ոչ ականջ ունեք, ոչ աչք և ոչինչ չունեք, և դուք չեք լսում, թե աշխարհում ինչ է կատարվում»։

«Կա՛ց, կա՛ց», — ընդհատեց կոշևոյը, որ մինչև այդ աչքերը գետնին սևեռած կանգնել էր, ինչպես և բոլոր զապորոժցիները, որոնք ծանրակշիռ գործերի ժամանակ երբեք անձնատուր չէին լինում առաջին պոռթկումին, այլ լռում էին և լռության մեջ կուտակում զայրույթի ահեղ զորությունը։ «Կա՛ց, ես էլ պիտի խոսք ասեմ։ Բա դուք ինչ էիք, ձեր հերը նզովված լինի, դուք ի՞նչ էիք անում. ի՞նչ է, թո՞ւր չունեիք։ Այդ ո՞նց թողիք, որ անիրավություն լինի»։

«Է՜, ո՞նց թողինք, որ անիրավություն լինի՜… Դե դուք լինեիք մեր տեղը, երբ հիսուն միայն լեհերն էին, և ի՞նչ մեղքս թաքցնեմ՝ մերոնց մեջ էլ շներ կային, որոնք ընդունեցին նրանց հավատը»։

«Իսկ ի՞նչ էին անում ձեր հեթմանը, զորագնդի ձեր պետերը»։

«Զորագնդի պետերն այնպիսի բաներ արին, որ աստված հեռու պահի»։

«Ի՞նչ»։

«Դե այնպես, որ հիմա հեթմանը պղնձե բովի մեջ տապակած, պառկած է Վարշավում, իսկ զորագնդի պետերի ձեռքերն ու գլուխները ման են ածում տոնավաճառներում և ցույց են տալիս ժողովրդին։ Ա՜յ թե ինչ արին զորքի պետերը»։

Տարուբերվեց ամբողջ բազմությունը։ Նախ ամբողջ ափով անցավ լռությունը, ինչպես լինում է ամեհի փոթորկից առաջ, ապա հանկարծ բացվեցին լեզուները, և ամբողջ գետափը խոսեց։

«Ո՞նց թե ջհուդները վարձով առնեն քրիստոնյաների եկեղեցիները, կաթոլիկ տերտերներն ուղղափառ քրիստոնյաներին