մի ժամանակ, որի մասին կենդանի ակնարկներ մնացել են միայն ժողովրդական առասպելների և երգերի մեջ, ու այլևս Ուկրաինայում չեն երգում երկարամորուք կույր ծերունիները՝ փանդիռի մեղմ նվագակցությամբ, շրջապատված ժողովրդով, այն ռազմական դժվար ժամանակի ճաշակով, երբ Ուկրաինայում ունիայի համար սկսվել էին ընդհարումներ և պատերազմներ։ Վերնատանն ամեն ինչ մաքուր էր և գունավոր կավով ծեփած։ Պատերից կախված էին թրեր, մտրակներ, թռչունների համար ցանց, ուռկաններ և հրացաններ, եղջյուրից ճարտար սարքած վառոդամաններ, ձիու ոսկե սանձ և բխովներ՝ արծաթյա թիթեղիկներով։ Վերնատան պատուհանները փոքր էին, կլոր և կիսախավար ապակիներով, որոնց նմանն այժմ կարելի է տեսնել միայն հին եկեղեցիներում, մի պատուհան, որի միջով բան տեսնելու համար հարկավոր է բարձրացնել շարժական ապակին։ Դռների և պատուհանների շուրջը կարմիր էին։ Անկյուններում՝ դարակների վրա, շարել էին կժեր, կանաչ և կապույտ ապակուց շշեր և ջրամաններ, արծաթյա գավաթներ, ոսկեզօծ թասեր՝ վենետիկյան, տաճկական և չերքեզական բանվածքի, որ հազար ու մի ճանապարհով Բուլբայի վերնատունն էին ընկել երրորդ և չորրորդ ձեռքերից, մի բան, որ շատ սովորական էր այն խիզախ ժամանակների համար։ Սենյակի չորս պատերի տակ թեղի փայտից նստարաններ էին. հանդիսավոր անկյունում՝ տիրամոր նկարների տակ, դրված էր մի վիթխարի սեղան, ընդարձակ վառարանը՝ ելուններով և փոսերով, պատած էր գույնզգույն և ծաղկավոր հախճասալերով։ Այդ ամենը շատ էր ծանոթ մեր երկու կտրիճներին, որոնք յուրաքանչյուր տարի արձակուրդին տուն էին վերադառնում և վերադառնում էին ոտով, որովհետև նրանք դեռ ձիեր չունեին, նաև այն պատճառով, որ սովորություն չկար դպրոցականներին թույլ տալ ձի քշել։ Նրանք միայն երկար ցցունք ունեին, որից կարող էր բռնել և թափ տալ զենք կրող յուրաքանչյուր կոզակ։ Բուլբան նրանց միայն ուսումն ավարտելու ժամանակ իր երամակից ուղարկեց երկու ջահել որձաձի։
Իր որդիների գալստյան առթիվ Բուլբան հրամայեց կանչել հարյուրապետներին և զորամասի առկա եղած զինվորականներին։ Եվ երբ նրանցից երկու հոգի եկան, նաև