Էջ:Nikolai Gogol, Taras Bulba (Նիկոլայ Գոգոլ, Տարաս Բուլբա).djvu/43

Այս էջը հաստատված է

կարգ պաշտպանեք, պան զապորոժցիներ: Ես գիտեմ, որ ձեր մեջ կան այնպիսիները, որոնք հենց կողոպուտի պատահեն թե չէ, ոտափաթաթանի համար կպատառոտեն չինական բեհեզը և թանկագին կերպասները։ Թողե՛ք այդ անվայել սովորությունը, դեն շպրտեք կողոպուտը, առեք միայն զենքերը, եթե լավերը պատահեն, նաև ոսկի կամ արծաթ, որովհետև նրանք գին ունեն և միշտ հարկավոր են։ Ահա ձեզ, պան զապորոժցիներ, առաջուց եմ ասում, եթե երթի ժամանակ որևէ մեկը հարբի, նրա գլխին դատ չի լինելու. կհրամայեմ շան նման վզից կապեն սայլին, ով էլ լինի, թեկուզ ամբողջ զորքի ամենաքաջ կոզակը. շան նման տեղնուտեղը կսպանվի և դիակը կմնա առանց թաղելու, որպեսզի թռչունները լափեն, որովհետև երթի ժամանակ հարբողն արժանի չէ քրիստոնյայի նման թաղվելու։ Երիտասարդներ, ամեն ինչում լսեք ծերերին։ Եթե գնդակ դիպչի կամ թե թրով քերծեն ձեր գլուխը կամ մարմնի մի այլ տեղը, բանի տեղ մի՛ դնեք․ մի թաս արաղի մեջ մի քիչ վառոդ խառնեք, խմեք մի շնչով, և ամեն ինչ կանցնի, տենդ էլ չեք ունենա, իսկ վերքի վրա, եթե վերքը մեծ չի, հողը ձեռքի ափի մեջ թուքի հետ առաջ շաղախեք և այդ հողից մի քիչ դրեք վերքի վրա և այդպես էլ կչորանա վերքը, կանցնի։ Դե հիմա գործի անցեք, գործի՛, տղերք, բայց առանց շտապելու և լավ կպեք գործի»։

Այդպես ասաց կոշևոյը և հենց որ խոսքը վերջացրեց, իսկույն ևեթ բոլոր կոզակները գործի անցան։ Ամբողջ Սեչը զգաստացավ, և ոչ մի տեղ չէր կարելի տեսնել հարբած մեկին, կարծես թե կոզակների մեջ երբեք հարբած մարդ չէր եղել։ Ոմանք սարքում էին անիվների գոտիները և փոխում էին սայլերի սռնիները, ոմանք սայլերի մեջ տեղավորում էին նպարակի պարկերը և զինամթերքը, իսկ ոմանք լծում էին ձիերը և եզները։ Ամեն կողմից լսվում էր ձիերի դոփյուն, հրացանների փորձնական հրաձգություն, թրերի շառաչ, եզների բառաչ, սայլերի ճռնչոց, խոսակցություն և բարձր աղաղակ, և շուտով կոզակների շարանն ամբողջ դաշտի վրա ձգվեց հեռո՜ւ, հեռո՜ւ։ Շատ կնեղվեր նա, ով կկամենար վազել շարանի գլխից մինչև պոչը։ Փայտաշեն փոքրիկ եկեղեցում քահանան մաղթանք կատարեց, բոլորին օծեց սուրբ ջրով, և