Ամեն ինչ իրար անցավ. ով եզն ու գութանը փոխում էր ձիու և զենքի հետ և մտնում զորագնդերը, ով թաքնվում էր, հետը քշելով նախիրը և առնելով միայն այն, ինչ կարելի է տանել: Երբեմն ճանապարհին հանդիպում էին և այնպիսիները, որոնք զինված ձեռքերով էին ընդունում հյուրերին. բայց ավելի բազմաթիվ էին նրանք, որոնք փախել էին վաղօրոք։ Բոլորը գիտեին, որ դժվար է գլուխ դնել վայրագ ու ռազմասեր բազմության հետ, որ հռչակված էր զապորոժյան զորք անունով և որի խառնիխուռն ու սանձարձակ արտաքինը պարունակում էր պատերազմական ժամանակի մտածված կարգ։ Այրուձին գնում էր, և ձիավորները ձիերին չէին հոգնեցնում ու տաքացնում, հետևակը սայլակների ետևից քայլում էր զգաստ, և ամբողջ շարանը շարժվում էր միայն գիշերը, ցերեկը հանգստանալով ամայի և անբնակ վայրերում և անտառներում, որ այն ժամանակ լի և առատ էին։ Թշնամու կողմն էին առաքվում լրտեսներ և հետախույզներ, որոնք դիտում էին որտեղ ինչ կար։ Եվ հաճախ զապորոժցիները հայտնվում էին այնպիսի վայրերում, որտեղ ամենից քիչ էին սպասելի, հայտնվում էին հանկարծակի, և այն ժամանակ ամեն ինչ հրաժեշտ էր տալիս կյանքին. հրդեհը լափում էր գյուղերը, նախիրն ու ձիերը, որոնք ետ էին մնում նահանջող թշնամու զորքից, տեղնուտեղը ջարդոտվում էին։ Թվում էր, թե զապորոժցիներն ավելի խնջույք էին անում, քան պատերազմ։ Այժմ մեր մազերը կցցվեին կիսավայրենի դարի գազանությունների այն սարսափելի նշաններից, որ զապորոժցիներն ամենուրեք սփռում էին։ Մանուկներին ջարդում էին, թրերով կտրատում էին կանանց կուրծքը, մաշկում էին կաշին ոտքերից մինչև ծնկները և ապա ազատ թողնում, — մի խոսքով կոզակները լիովին հատուցում էին իրենց նախկին պարտքը։ Մի վանքի վանահայր, առնելով նրանց մոտալուտ գալստյան լուրը, առաքեց երկու միաբանների, որոնք վանահոր անունից կոզակներին պետք է ասեին, թե նրանք իրենց չեն պահում ինչպես հարկն է, թե զապորոժցիների և կառավարության միջև խաղաղություն է կնքված, թե զապորոժցիները խախտում են թագավորի հանդեպ ունեցած պարտավորությունները և ընդնմին առհասարակ նաև ժողովրդյան իրավունքը։
«Եպիսկոպոսին ասա իմ և բոլոր զապորոժցիների անունից, —