եսաուլ Տովկաչ Դմիտրոն՝ Բուլբայի վաղեմի ընկերը, նա իսկույն ներկայացրեց նրանց իր որդիներին, ասելով. «Մի տեսեք ի՜նչ կտրիճներ են․․․ Շուտով նրանց կուղարկեմ Սեչ»։ Հյուրերը շնորհավորեցին և՛ Բուլբային, և՛ նրա երկու որդիներին, ապա հայտնեցին, որ բարի գործ են անում և որ երիտասարդների համար Զապորոժյան Սեչից ավելի լավ ուսում չկա։
«Դե, պան եղբայրներ, ամեն մեկը թող նստի սեղանի մոտ, որտեղ սիրտն ուզում է։ Հապա, զավակներս, նախ և առաջ արաղ խմենք, — այսպես ասաց Բուլբան, — Տեր աստված, փառք քեզ։ Ողջ լինեք, զավակներս, դո՛ւ, Օստապ, և դո՛ւ, Անդրի։ Տա աստված, որ կռվի մեջ հաջողակ լինեք, որ ջարդեք անօրեններին, նաև տաճիկներին ջարդեք, ջարդեք և թաթարներին, իսկ եթե լեհերը մեր հավատի դեմ բան սարքեն՝ լեհերին էլ ջարդեք։ Դե, մոտեցրու քո թասը․․․ Հը, լա՜վ արաղ է։ Հապա մի ասա, տեսնեմ, լատիներեն ի՞նչ են ասում արաղին։ Այդ է, որդիս, որ հիմար են եղել լատինացիք։ Նրանք չգիտեին էլ, թե աշխարհում արաղ կա։ Այդ, ինչպե՞ս էր նրա անունը, որը լատիներեն ոտանավորներ է գրել։ Ես այնքան էլ վարժ չեմ գրագիտության, ուստի և չգիտեմ։ Հորացիո՞ս էր, ի՞նչ էր»․․․
«Տեսնո՞ւմ ես բատկոյին, — մտածեց Օստապը՝ ավագ որդին, — պառավ շունն ամեն ինչ գիտի և դեռ չիմանալու է դնում»։
«Ես կարծում եմ, որ հայր սուրբը ձեզ չէր էլ թողնում արաղից հոտ քաշեք,— շարունակեց Բուլբան։ — Դե խոստովանեք, տղերք, տեսնեմ՝ ցարասի և բալի կակուղ ճիպոտներով պի՞նդ են ծեծել ձեր մեջքը և այն փափուկ տեղերը, որ ունի կոզակը։ Կամ գուցե, երբ շատ խելացի եք եղել, ձեզ զարկել են նաև մտրակներո՞վ։ Եվ այն էլ ոչ միայն շաբաթ օրերը, այլ նաև չորեքշաբթի և հինգշաբթի՞»։
«Բատկո՛, հարկավոր չի հիշել ինչ որ եղել է, – սառնարյուն ասաց Օստապը.— եղածն անցել է»։
«Դե թող հիմա փորձի,– ասաց Անդրին։– Մեկնումեկը թող հիմա հենց միայն դիպչի։ Թող հիմա որևէ թաթար հանդիպի. նա կիմանա, թե ինչ բան է կոզակի թուրը»։
«Ապրես, որդիս, աստված վկա, ապրես․․․ Դե որ այդպես