Էջ:Nikolai Gogol, Taras Bulba (Նիկոլայ Գոգոլ, Տարաս Բուլբա).djvu/7

Այս էջը հաստատված է

ուզում էր իմանալ նրանց թիվը. «Ո՜վ գիտե նրանց․․․ մեզանում ամբողջ տափաստանի վրա նրանք ցրված-փռված են, որտեղ բայրակ, այնտեղ կոզակ» (որտեղ մի աննշան թումբ կա, այնտեղ արդեն կոզակն է»։ Ճշմարիտ որ այդ ռուսական ուժի արտասովոր երևույթն էր. աղետների հուրը դուրս մղեց այդ ուժը ժողովրդի կրծքից: Նախկին կալվածքների և մանր քաղաքների փոխարեն, որոնք լցված էին բարակապետներով և շնապահներով, մանր իշխանների, իրար թշնամի և առևտուր անող քաղաքների փոխարեն առաջացան ահեղ գյուղեր, կուրեններ և ամրություններ, որոնց իրար էր միացրել վտանգը և ատելությունը ոչ քրիստոնյա գիշատիչների հանդեպ: Արդեն բոլորին հայտնի է պատմությունից, թե ինչպես նրանց հավիտենական պայքարը և անհանգիստ կյանքը Եվրոպան փրկեցին նրան սպառնացող անզուսպ արշավանքներից։ Լեհական թագավորները, որոնք գրավել էին նախկին իշխանների տեղը և նրանց ընդարձակ հողերը, թեև հեռու էին և անզոր, ըմբռնել էին կոզակների նշանակությունը և այդպիսի ռազմական պահակային կյանքի օգուտները։ Նրանք խրախուսում էին կոզակներին և հովանավորում էին այդ դրությունը։ Նրանց հեռավոր իշխանության ներքո հեթմանները, որոնց ընտրում էին կոզակների միջից, կոզակների բանակատեղին և կուրենները վերակազմում էին կանոնավոր գնդերի և շրջանների։ Դա ի մի հավաքած շարային զորք չէր, և ոչ ոք չէր տեսնում այդ զորքը: Սակայն պատերազմի և ընդհանուր շարժման ժամանակ, ութ օրվա ընթացքում և ոչ ավելի, յուրաքանչյուրը ներկայանում էր ձիու վրա, զենք ու զրահը կապած, թագավորից ստանալով միայն մի ոսկի, և երկու շաբաթվա ընթացքում, գումարվում էր այնպիսի բանակ, որպիսին անհնար էր հավաքել կանոնավոր զորաժողովի միջոցով։ Արշավանքը վերջանում էր, ռազմիկը գնում էր դեպի արոտները և արտերը, դեպի Դնեպրի գետանցները, ձուկ էր որսում, առևտուր էր անում, եռացնում էր գարեջուրը և ազատ կոզակ էր: Ժամանակակից օտարականներն արդարացի զարմանում էին կոզակի արտասովոր ընդունակությունների վրա։ Արհեստ չկար, որ կոզակը չիմանար, նա կարող էր արաղ քաշել, սայլ սարքել, վառոդ աղալ, հյուսնի և դարբնի գործ անել և այդ ամենից հետո հախուռն զվարճանալ՝ խմել