Էջ:Nikolai Gogol, Taras Bulba (Նիկոլայ Գոգոլ, Տարաս Բուլբա).djvu/94

Այս էջը հաստատված է

ուներ, ով կոնք, որով ջրում էր ձիուն, ով ձեռնոց և ով գդակ, և ով դեմ էր անում երկու բուռը: Տարասի սպասավորները նրանց բոլորին գինի էին լցնում տակառներից և ամաններից, անցնելով շարքերի միջով։ Բայց Տարասը չէր հրամայել խմել, մինչև նշան չտար, որպեսզի բոլորը միասին խմեն։ Երևում էր, որ նա ուզում էր մի բան ասել։ Տարասը գիտեր, որ ինչքան էլ զորեղ է հին և ընտիր գինին և որքան էլ նա կարող է ամրապնդել մարդու ոգին, բայց եթե գինու հետ միացնում են և մի վայելուչ խոսք, այն ժամանակ կրկնակի հզոր է լինում գինու և ոգու ուժը։

«Ես հյուրասիրում եմ ձեզ, պան եղբայրներ,— այսպես ասաց Բուլբան,— ոչ թե ի պատիվ նրա, որքան էլ մեծ է նման պատիվը, որ դուք ինձ ատաման եք նշանակել, և ոչ էլ ի պատիվ մեր ընկերների հետ ունեցած հրաժեշտի, ո՛չ մի այլ ժամանակի է վայել թե մեկը և թե մյուսը, բայց այժմ մեր առաջ այդպիսի րոպե չէ։ Մեր առաջ մեծ և քրտնաջան գործեր կան, կոզակի մեծ հերոսության գործեր։ Ուրեմն խմենք, ընկերներ, միանգամից խմենք նախ և առաջ հանուն ուղղափառ սուրբ հավատի, որ վերջապես թող հասնի այն ժամանակ, երբ համայն աշխարհում սփռվի և լինի միայն մի սուրբ հավատ, և ինչքան որ անօրեններ կան, բոլորը քրիստոնյա դառնան։ Մի անգամ էլ խմենք Սեչի կենացը, և թող նա երկար մնա և մահ բերի բոլոր անօրեններին, որպեսզի ամեն տարի Սեչը տա մեկը մյուսից քաջ, մեկը մյուսից լավ կտրիճներ։ Եվ միատեղ խմենք մեր սեփական փառքի համար, որպեսզի մեր թոռները և մեր թոռների զավակներն ասեն, որ մի ժամանակ եղել են այսպիսի մարդիկ, որոնք չեն անարգել եղբայրությունը և չեն մատնել իրենց հարազատներին։ Ուրեմն հանուն հավատի, պան եղբայրներ, հանուն հավատի»։

«Հանո՜ւն հավատի»,— թավ ձայնով որոտացին մոտակա շարքերի կոզակները։

«Հանո՜ւն հավատի»,– արձագանքեցին հեռու եղողները, և բոլորը՝ ծեր ու երիտասարդ խմեցին հանուն հավատի։

«Հանուն Սեչի»,– ասաց Տարասը և գլխի վրա բարձր պահեց ձեռքը։

«Հանուն Սեչի»,– թավ արձագանքեցին առաջին շարքերը: