հեծյուններ իրարու կխառնվեին։ Երբեմն բոլորեն ալ, ահեղագոռ աղաղակ մը կբարձրանար միանվագ.
— Ոճրագո՛րծ։
Ու գանկերը՝ իրենց ոսկորե պատվանդաններուն վրա կհոլովվեին, կթավալեին, պարապ ու ահավոր աչքերովնին շանթահարելով Կոպեռնիկոս էֆենդին, որուն ճակտեն, քունքերեն, թուշերեն քրտինքի կաթիլները ուղխորեն կվազեին, ու իր մանր բիբերը, սպիտակուցներուն մեջտեղը անշարժացած, նայեցան, նայեցան, նայեցան շիրմաքարերեն գանկերը կամաց–կամաց վեր ելան հիմա ու կանգնեցան ոսկորներուն վրա, մարդաչափ երկարությամբ: Ու կշարժեին այդ հինգ գանկերը, կպարեին վաճառականին շուրջը, լալագին ոռնումներով, ահռելի ու դիվային ծամածռություններով, կլափնին լայնաբաց, իրենց պարապ ականողիքներուն մթին արհավիրքովը ահաբեկելով այդ հինգ գերեզմաններուն հարդարիչը։
Կոպեռնիկոս Էֆենդի մղձավանջեն այսահարված, ջղաձգորեն երկու ձեռքովը կոկորդը բռնեց․ կխեղդվեր, օրհասական հռընդյուններ կարձակեր։ Եվ ուզեց փախչիլ, ազատիլ մեռելներեն, որ իրենց կմախքներովը կսպառնային իրեն․ քայլ մը առավ դեպի ետև, օդին մեջ տատանող գանկերուն նայելով հևասպառ։ Պիտի պոռար, պիտի ոռնար իր բովանդակ սարսափը, ու ձեռքերը դեպի ետև վանդակորմին երկնցուց…
Հանկարծ խոշոր ու թավ ձայն մը բարձրացավ·
— Ի՞նչ կըլլաք կոր, Կոպեռնիկոս էֆենդի։
Տերտերն էր,որ կուգար մեռելները օրհնելու։
Վաճառականը մեկեն ի մեկ սթափեցավ։ Քրտինքները կիջնային երեսն ի վար և կուրծքը կհևար տաժանորեն։
— Այդ ո՞րքան հուզվեր եք, Էֆենդի, ըսավ քահանան վշտագին զարմացմամբ նայելով իր հարուստ ծուխին, որ լուռ ու մունջ քրտինքները կսրբեր հիմա։
Ու այլևս հանդարտած․
— Տե՛ր հայր, առաջին անգամն է, որ սիրելիներուս գերեզմանները կայցելեմ,— թոթովեց, շուրջը նայելով և ա՛լ չտեսնելով