Այս էջը հաստատված է

— Խե՜ղճ մարդ,—կըսեին անկից անցնող սգավորները, դամբաներու մեջտեղը ծնրադիր կոծող այդ «շնորհքով մարդուն» ողբալի տեսքեն ազդված։

Տերտերը, որուն համար անբացատրելի Էին իր ծուխին լացի այդ հանկարծական պոռթկումները, կարելի եղածին չափ երկարեց օրհնությունը, որ վերջապես լմնցուց հանդիսավոր ու արարողական շեշտով մը արտասանված «հոգվոցն հանգուցելոց»–ով մը։ Խաչը վերջին անգամ մը երկարեց Կոպեռնիկոս Էֆենդիի շրթներուն, որոնք համբուրեցին զայն սրտազեղուն ջերմեռանդությամբ։

Քահանան, գործը ավարտած, խաչը պլորեց մետաքսյա լաթին մեջ․ ծոցը դրավ և աճապարեց դուրս ելլել դամբարանեն՝ վաճառականին կողմե կամացուկ մը իր ափը սպրդած ոսկիին հետ միասին։

Կոպեռնիկոս էֆենդի իսկույն հետևեցավ քահանային՝ իր մեռելներուն հետ նորեն առանձին, գլուխ–գլխի մնալու վախեն հալածված ու դուրս նետվեցավ, կղպեց դուռը և հազիվ քայլ մը հեռացած՝ երկու ձեռվըներովը գոցեց ականջները։

Մեռելներուն ահեղ ձայնը լսած էր նորեն, որ կպոռային իր կռնակեն․

— Ոճրագո՛րծ, ավազա՛կ…


Մեկ քանի օր վաճառատան մեջ Կոպեռնիկոս էֆենդիի տրտմությունը, խոժոռությունն ու խորհրդավոր անխոսությունը պատկառանք և մինչև իսկ երկյուղ ազդեցին պաշտոնյաներուն, մանավանդ Ղուկաս աղայի, որուն հետ հազիվ թե քանի մը բառ փոխանակեց վաճառականը։ Անշահախնդրական վերաբերմունք մըն՝ ալ ունեցավ իր գործին իսկ հանդեպ, որուն ամենեն հետին մանրամասնությանցը կհետաքրքրվեր՝ մինչև տակավին քանի մը օր առաջ։ Հետո, գործակատարը դիտեց, որ չորպաճին, իր գրասեղանին առջև, ակնոցը քիթը, մատիտ մը ձեռքը, երկարորեն կորոճար թուղթի կտորի մը վրա, կգրեր, կավրեր, նորեն կգրեր ու նորեն կավրեր և ի վերջո խնամքով կծալեր, գրպանը կտեղավորեր