Ամուսնության պայմանաժամը լրանալու մոտ էր։ Երկու նշանածները հայտնի հրճվանքով կը խայտային՝ սիրո մերձավոր հագեցման տենդերուն անձնատուր:
Ամիս մը մնացած էր։ Եվ ահա մեկեն ի մեկ Բերուզ հիվընդցավ։ Ի՞նչպես եղավ. ոչ ոք կրցավ ճշդիվ հասկնալ.արյուն պոռթկաց բերնեն, և իր առույգ մարմինը հանկարծ, շանթեն զարնված ուռի մը պես, ուժաթափ , ինկավ անկողին։ Թումիկ, ձեռքերը մազերուն մեջ մխրճած, բժշկին վազեց։ Բժիշկը եկավ, նայեցավ, քիթը բերանը ծռմռկեց և «աղեկ նայելու է»ըսելով մեկնեցավ։ Նշանածը հսկեց իր սրտին հատորին մոտ։ Արյան պոռթկումները կրկնվեցան, և շարունակվեցան։ Թումիկ, դողդողահար, մեկ բժշկեն մեկալին վազեց, աղաչեցավ,պաղատեցավ, լացավ իսկ, որպեսզի աղեկցնեն իր նշանածը։
— Աղեկ նայելու է, կըսեին բժիշկները, վերեմ է. օդափոխություն կուզե. թերևս աղեկնա:
Թումիկ՝ խնայած դրամը մեկ ամսվան մեջ դեղի համար ծախսեց լմնցուց։ Ահարոն, արդեն աղքատ, ապշեցավ շլմորեցավ։ Հեք աղջիկը իր նշանածին ուսին կրթնած, «Թումիկս ինծի աղեկցուր որ կարգվինք, կը հեծեր։
— Ճիտիս պարտքն է, Բերուզս, կը հառաչեր խեղճ տղան։ Մեկ բարա չմնաց։ Թումիկ, փերուշան, փողոցն փողոց կը թափառեր՝ ճարի մը, գերագույն ճարի մը ի խնդիր։ Ազատելու էր Բերուզը, բայց ի՞նչպես։ Հանկարծ լույս մը ծագեցավ մտքին մեջ։ Տեղվուն Թաղական խորհրդին դիմեց, և իր խրճիթը ավանd թողնելութ հինգ ոսկի ուզեց։Կտրիճ և ազնիվ մարգ ճանաչված, չմերժվեցավ։ Տվին իրեն այդ գումարը։ Չորս բժիշկ մեկեն թափեց, վճռական դարմանին համար:Բայց արդյունքը նույնը մնաց ու թեև ամիս մըն ալ հիվանդը աղեկ դարմանվեցավ, բայց վիճակը չը փոխվեցավ՝ դարմանը սպառելուն՝ ա՛լ ավելի վատթարացավ։շ
— Ծո, Բերուզը ծառքե կելլա կոր, ճար մը, կաղաղակեր ինքնիրեն խեղճ ձկնորսը, խելքը գլխեն գացած։
— Աման, Թումիկ, ճա՛ր, ճա՛ր մը, կը հեծեծեր հիվանդը՝ կուրծքը հազերե ցնցված: