Այս էջը հաստատված է

Է՛ն տագնապալից օրերեն օր մը Թումիկ հանկարծ խոհուն և լռակյաց եղավ։ Իր զվարթ դեմքը կծկված էր․ և նայվածքը անծանոթ հեռուներ սևեռած։ Ահավոր քայլ մը պիտի առներ, ուրկե անգին գուցե անդունդը կար, կորստյան անդունդը։

— Ջո՜ւր, կը հեծեր հիվանդը աղերսարկու․ և երիտասարդ ձկնորսը՝ երազե արթնցած՝ կը ցատքեր, հիվանդին այրող ծարավը անցընելու։

Ու գիշեր մը, մութին մեջ, փողոցներեն գողի պես սպրդեցավ Թումիկ։ Լռություն ամեն կողմ։ Մերթ գիշերապահներու ճոկանները կը թնդան։ Ծովեզրն Է Թումիկ ձողերու վրա փռած ուռկաններու տակ կծկված։ Վստահ Է թե ոչ ոք կա զինքը լրտեսող. և կը սկսի ուռկանները ժողվել, ծալլել, պլորել։

Կես ժամ ետքը, Թումիկ, ահագին բեռան մը տակ կքած, ամայի փողոցներե կերթա, կանհետանա։

Այլևս գող մըն Է ան․ հետևյալ օրը իր ափին մեջ ունի ծախած ուռկաններուն փոխարժեքը, մեկ քանի ոսկի, զորս կը նետե բժիշկներուն՝ որպեսզի փրկեն իր նշանածը։

— Ջո՜ւր, ջո՜ւր, կը հեծե Բերուզը շրթները կափկափելով գիշերվան լռության մեջ, կուրծքը ատող տենդը մարելու։

Եվ ահա աղէտալի կերպով կը բախեն տան դուռը։ Ոստիկաններ ներս կը խուժեն, կը բռնեն Թումիկը և գիշերանց պահականոցե պահականոց, կը տանին կը նետեն բանտ։ Այս հանկարծակի ձերբակալումեն ոչ ոք բան մը հասկցած է։ Բերուզ նվաղած է… վերջացած է…

Ամբողջ գյուղը զարմանքի մեջ թաղվեցավ․ Թումիկ գո՞ղ ան կտրիճ ու ազնիվ Թումիկը։ Շատ քիչեր հասկցան անոր ցավը և անոր անկումին շարժառիթը։

Հեք ձկնորսը դատվեցավ։ Լացավ դատարանին մեջ, և եթե չըլլար սիրտցավ փաստաբանի մը պերճ պաշտպանողականը, Թումիկ վեցամսյա բանտարկությամբ չպիտի ազատեր իր գործած ոճիրին ծանր հետևանքներեն։

Ո՞վ պիտի երթար հարցներ փնտռեր զայն իր բանտին մեջ։ Ի՞նչ եղած Էր իր նշանածը։ Ու իր ահագին ցավին հետ վեց