երբոր ըսին թե գացած էր։ Գլխահակ, ձիուն սանձեն բռնած, դանդաղորեն հեռացավ, ու ա՛լ մեյ մըն ալ չերևցավ հիվանդանոցին շրջանակները։ Երբ քանի մը ամիս ետքը իրեն հանդիպեցա փողոցը, աճապարանքով քովս եկավ լուր հարցնելու «ինկիլիզին ախճիկեն» ինչպես ինքը կանվաներ։
— Աղեկ է եղեր, ըսի, քեզի բարև ըրեր է, ավելցուցի կատակով։
— Ծո ի՞նչ կըսես... ես վո՞վ եմ քի ինծի բարև պիտի խրկե... Անիկա...
Ու իր արևակեզ բիրտ դեմքը՝ հեռավոր հիշատակներու վերաբերումեն՝ տեսակ մը երազական անուշություն կը ստանար։
— Ի՞նչ ախճիկ էր, պե՛, կը մրմռար, հեռանալով իր սայլակին հետ։
Անկեց ետքը ա'լ քանի դեմս ելլար. լուր կը հարցներ ամերիկուհիին մասին, միշտ միևնույն պաշտամունքի արտահայտություններով, նույն հիացական բացականչություններով։
Հյուսիսի քամին ահեղասույլ կը փչեր։ Բալթոիս մեջ սեղմված, այդ դիվային հողմին դեմ կը մաքառեի ճամբաներուն վրա։ Հանկարծ սայլավոր մը նշմարեցի որ գլուխը կնգուղի մը մեջ պլլած՝ ձիուն սանձը կը քաշեր մեծ տաժանքով։ Ծանոթ ձայն մը բարևեց զիս։ Համբիկն էր։
Հիմա քով քովի կը քալեինք՝ գրեթե առանց բառ մը արտասանելու, քամիեն շնչասպառ։
— Լուր մը ունի՞ս, հարցուց վերջապես սայլորդը, անհամբեր։ Կըսեն կոր քի նորեն հոս պիտի դա... իրա՞վ է։
— Չէ', ճանըմ, ըսի գրեթե մեքենայաբար, ո՞ւր պիտի գա. խեղճ աղջիկը մեռեր է. չիմացա՞ր, լրագրները գրեցին։
— Վա՜յ...։
Համբիկ ուրիշ ձայն չհանեց։ Կնգուղին ծալքերուն տակ իր դեմքը խուլ և սաստիկ տառապանքի մը կծկումը արտահայտեց։ Ուժգնությամբ քաշեց ձիու սանձը, ուր տեսա, որ հովին ալիքներ րը կնգուղին վրա ինկած կաթիլներ կը թռցնեին կը տանեին։
Սայլորդը կուլար։