էր, գինետան մեջ կազմված։ Այդ պատճառով, Սերոբ և Լութիկ շատ հեղ իրենց երեկոյան գինարբուքին կխառնեին Սերինային հայրն ալ, որ մեծ հաճույք կզգար այդ զվարթ ու կատակախոս հովարդաներուն ընկերութենեն։
Սուրբ-Հակոբի մը, ոսկերիչը իր անվան տոնին առթիվ, աղմկալից երեկույթ մը սարքեց իր տանը մեջ։ Սերոբ և Լութիկ ալ հոն Էին։ Օղի, երգ, արևելյան երաժշտություն, պար, ամեն բան։ Սերինան այդ հեշտության մեջ իր հասակին աղվորությունը և ժպիտին հրապույրը պտըտցուց՝ զամենքը շլացնելով։ Գլուխները տաքցան։ Պարերուն շարքը սկսավ։ Ու Սերինան ալ պարեց շքեղ ու անառակ հորա մը, ոստոստուն ու հայրատ, շարժմանցը մեջ առնական կորովով մը, կանացի գողտր ճկունությամբ մըն ալ, մարմնին կարկառները մատուցանելով հոժարակամ և խուսափուկ, մերթ ծեքծեքելով համրօրոր պերճաշուք դանդաղությամբ, մերթ սուրալով իր մսուտ ու ծառացող մարմնին խոլ նետվածքովը, ու հոսնաբար բոցավառելով հանդիսատես ծարավի աչվըներ՝ սուր ու դժպահի կարոտներ գրգռելով։ Իր սպիտակ ու մարմարակերպ դաստակները շարժեց օդին մեջ՝ գլխուն նազելական ու խոհուն ճոճմանցը հետ, կիսախուփ աչվըներուն թովանքը համրաբար, երազայնորեն ներարկելով շուրջը գտնվողներուն սրտին մեջ։
— Պռավո՛, կեցցե՛,—կպոռային չորս կողմեն․․․ Ու աղջիկը կպարեր, ինքն ալ գինովցած, վերացած, երջանիկ։
Սերոբ, աթոռի մը կրթնածյ, այս դյութական տեսարան են հափշտակված, կդիտեր, ալքոլեն բռնկած իր բիբերը Սերինային շարժումներուն կհետևեին իպնոզացած։ Քիչ մը անգին՝ իր երկար հասակը ցցած, կնայեր Լութիկ։ Անհագաբար ըղձանքի շողերը կկայծկլտային իր աչվըներուն մեջ։ Արդյոք կրնա՞ր հավերժանալ այդ պարը, այդ հեշտանքը։
Ու պարը դադրեցավ։ Առնացի կուրծքեր լայն շունչերով թեթևցան ու չորցած կոկորդները թրջեցան։
Լութիկ Սերոբի մոտեցավ։
— Ընտո՞ր Էր, Սերո՛բ։