Կարապետ, իր թաղին Ազգ. վարժարանին գրասեղաններուն վրայեն իսկ տասնըչորս տարեկանին՝ առավ շահուն հոտը, զոր փողոցին վաճառորդները օրն ի բուն՝ կը տարածեին օդին մեջ իրենց պոռչտունքներովն ու իրենց ծախած այլազան ապրանքներովը։
Ծնողքին, որ դեռ կուզեին ուսմունք սովրեցնել իրեն, Կարապետ կտրուկ և անդառնալի շեշտով մը ըսավ.
― Էս ուսմունք-մուսմունք չիյտեմ, փարա վաստըկելու նայինք։
Իր հավաքած քառասուն հիսուն ղուռուշովը ճախարակ, ասեղ, աժաննոց ժանյակ, դերձան, գնդասեղ և այլն գնելով, տեղավորեց փայտե տուփիկի մը մեջ և փողոց ինկավ, «իփեկճի» եղավ։
Առաջին վայրկյանեն, դեռ այդ մատաղ տարիքին մեջ, ուր հոգիները հեզ են ու միամիտ, Կարապետ մրցման, ամեն բան տապալել քանդելու հաղթանակ ուզող մրցման միկրոբին խայտալը զգաց իր մեջ։ Պոլսո այն թաղերը ընտրեց մասնավորապես, ուր իրեն տարեկից հրեա տղաք «իփեկճիությամբ» կը պարապեին։ Հանկարծ երևան ելլող այս սմսեղուկ արհեստակիցին սուր կանչըն ու մկան սրտակարկառ ցռուկով դեմքը սարսափ ազդեցին մյուսներուն։ Կարճ ժամանակվան մեջ, Կարապետ անձանձիր հետապնդությամբ ու սիրալիր ու կեղծապատիր ձևերով անոնց հաճախորդները