հրճվանքով իր ձեռքերը կը շփշփեր՝ դիտելով երկու խանութպաններուն ատելությամբ ու վրեժխնդրությամբ վառված ակնարկները՝ իրարու դեմ արձակված։ Ու իր ամենօրյա հանկերգը շրթներուն վրա Էր.
— Ա՜խ, սա խանութները իմս ըլլային։
Զարմանալի դյուրաթեքությամբ մը, Կարապետ՝ զիրար այլևս մահու չափ ատող այդ երկու մարդուց հետ ալ իր հարաբերությունները կը պահպաներ կը մշակեր, սիրալիր ու մտերմական, առանց ասոր համար անոնցմե այպանվելու. նույնիսկ կարծես թե անոնց լռելյայն հոժարամիտ հավանությամբը, որովհետև անոնց միակ կապը ինքն էր այնուհետև, և որպեսզի այդ կապին շնորհիվ անոնք հրահրեին իրենց փոխադարձ ատելությունը և անոր միջոցով կարենային նախատել և դրդոել զիրար։ Կարապետ, հետևապես անհրաժեշտություն մը դարձավ այդ մարդու համար։ Հետո, իր երևութական անշահախնդրությունը երկուքին համար ալ արևին պես պայծառ էր։ Մինչև անգամ այդ անմեղը իրենց ատելության և թշնամության մեկ զոհը կը նկատեին, և ասիկա կերպով մը փոխարինելու համար երկուքն ալ կը ջանային օգտակար ըլլալ անոր՝ այժմ ապրանքներ տալով, փոխտվություններ ընելով, իրենց տուներն իսկ տանելով, երկկողմանի զրպարտությանց համար— զորս նենգամիտ թոհաֆճին խնամքը ունեցավ հետզհետե դարբնելու և արծարծելու—անոր առջև ջանալով ինքզինքնին չքմեղացնել։ Կարապետ՝ Մորուքյան և Տերտերյան ընտանիքներուն բարեկամը եղավ հավասարապես, սիրվելով և մեղքցվելով, պաշտպանվելով և նպաստավորվելով անոնցմե։ Մանավանդ նրբամտությունը ունեցավ անոնցմե. յուրաքանչյուրին ներշնչելու այն հավատքը թե ինք` իսկապես և անկեղծորեն միմիայն իր բարեկամն էր, և մյուսին՝ շահու համար միայն կապված։
Երկու խանութպաններուն այս խուլ և անագորույն պայքարին միջոցին Կարապետ լեցուր իր խանութը ապրանքով, այլազան և արժեքավոր, և հաճախորդները շատցուց։ Մանավանդ որ անդին կռիվը, թեև անաղմուկ սաստկագույն աստիճանի մը հասավ։ Խաչիկ աղա, հակառակ իր բնածին պաղարյունությանը, իր