խանութին դրան առջև կեցած, շատ նշանակալից ու ամբարտավան և մարտահրավեր կերպով պեխերը կոլորտեր, աչքերը իր հակառակորդին խանութին հառած դաժանորեն։ Անոր այս գրգռիչ ընթացքը շատ դպավ Օհան աղային, որ արդեն դյուրագրգիռ, իր կողմեն նույնքան անբարհավաճ եղանակով մը հակակշռելու համար մյուսինը, իր խոշոր հասակովը, ձեռքերը ետին կապած, վեր վար պտտեցավ խանութին աոջևը, հաճախորդ, առուտուր, և այլն մոռցած, և ամբողջ մարմնովը տենդային մոլեգնությունե մը դղրդված։
Կարապետին մեկ նոր և արյունալի բանսարկությունը դեպքերը գահավիժեցին։
Գիշեր մը, միշտ օղիի սեղանին առջև, երդումի սովորական բանաձևը կատարելե հետո, իբր թե զվարթությամբ և ակամա, Կարապետ հայտնեց Խաչիկ աղային։
— Օհան աղան կըսե որ Թերեզա հանըմը ձեր կինը ըլլալե առաջ իրեն հետ ամեն բան ըրեր լմնցուցեր է․․․ բայց ես բնականաբար չհավատացի։
Եթե դիպվածով Օհան աղան նույն տեղը գտնվեր, անշուշտ ոճիր մը հավանական էր։ Հեք Խաչիկ աղա իր ընտանեկան պատվույն տրված այդ ամեհի հարվածին տակ շլմորած՝ դանդաջելեն տուն գնաց։ Հետևյալ օրը, եթե չըլլար Օհան աղայի պարթև հասակը և ֆիզիկական բացահայտ ուժը, Խաչիկ աղա ապահովապես հարձակված էր անոր վրա։ Բայց իսկույն, Կարապետ անոր ընծայեց նյութական վրիժառության մը դյուրին միջոցը։
Օհան աղայի շահու գլխավոր աղբյուրներեն մեկն էր մազի ներկ մը, որ մեծ քանակությամբ կը սպառեր, և որ կըսեին, անոր գործին ընդարձակվելուն գլխավոր պատճառն էր եղած։ Արդ, Կարապետ հաջողեցավ գտնել հրեա մը, որ գաղտնիքը ուներ մազ ներկելու ջուրի մը, տեսակին մեջ առաջնակարգ, և որ հավանեցավ կլորիկ գումարի մի փոխարեն Կարապետին հանձնել այդ գաղտնիքը։ Ասով զինված, Կարապետ Խաչիկ աղային մոտեցավ։ Նախ, իրեն հատուկ նրբամտությամբ մը, անոր մեջ հրահրեց քինախնդրության հնոցը՝ զոր տարիե մը ի վեր պատրաստելու վրա էր, և հետո իր ներկին խնդիրը պարզեց.