Այս էջը հաստատված է

Հանկարծ մեծադղորդ ոտնաձայն մը և ահագնալուր աղա֊ղակ մը տակն ու վրա ըրավ այդ սրտաճմլիկ տեսարանը։

Սերքո, կատաղած գազանի պես, պարտեզ կը վազեր խոշոր բազուկները տատանելով և պոռալով․

— Ծո շունշանորդի փիչ․․․

Այնքան սաստիկ և ցնցիչ եղած էր այդ հեղակարծ աղաղակին ազդեցությունն որ պզտիկ Սեփ հետս ընկրկած էր երկյուղի ճիչ մը բառնալով, և Արուս, հավասարակշռությունը կորուսելով պարտեզ ինկած էր գլխիվայր և ոտվըներովը օդին մեջ շրջան մը գծելեն ետք թավալած էր հորեն վար առանց ճիչ մը իսկ արձակելու։

Ակնթարթի մեջ տեղի ունեցած էր այս ամենը։

Հիմակ Սերքո Սեփին ետևեն կը վազեր վայրագ կառանչներ բառնալով, ոտքը գայթելով իյնալով-ելնելով —վասնզի գինով էր —նորեն վազելով, այս անգամ ավելի կատղած փրփրած․իսկ Սեփ կը փախչեր, կը դառնար պարտեզին շուրջը ձյուներուն մեջեն, հեծեծանքներ արձակելով, լալով, ողբալով և երբեմն գոչելով։

— Արուսը, Արուսը, հորին մեջ ինկավ։

Պահ մը օգուտ քաղելով եղբորն անկումեն, որ գետնին վրա փռված էր սոսկալի հիշոցներով,հորին քով վազեց, և բովանդակ զորությամբը «Արուս» պոռաց․ ձայն չկար, նորեն պոռաց, գլուխն հորին մեջ, ամեն բան մոռցած, լալագին հեծկլտանքներ,սրտահույզ աղաղակներ փրցունելով և հեք տղան, իր այդ անհուն կսկծին հափշտակությանը մեջ, չի կրցավ տեսնել Սերքոն որ ոտք ելնելով՝ իր քովն հասած էր և ուժգին, անգութ կից մը կը զարներ կռնակին, Սեփ վշտի, ցավի և ահաբեկումի երկար աղաղակ մը արձակեց, որ իրեն հետ հորին ջուրերուն մեջ կորավ, անհետացավ։

Այն ատեն, ո՞վ գիտե ինչ դարձավ այդ կատաղի գինովին էութենեն, ձեռքերովը գլուխը բռնեց, ցնցեց, բռունցքի երեք ուժեղ հարվածներ տվավ կրծքին, վերջին ահռելի հիշոց մըն ալ արձակեց՝ այս անգամ գուցե իրեն դեմ, և ամբողջ մարմնովը նետվեցավ այդ մարդակուլ հորին մեջ։