Բոլոր այս խոսքերուն և շարժումներուն տակ կռահեցի ընտանեկան տռամ մը, անշուշտ ցավագին բայց հետաքրքրաշարժ ալ։ Սակայն խոսակիցս այնքան ջղայնացած, այնքան վրդովված էր որ չէի համարձակվիր այդ տռամին մանրամասնությունները հարցնել իրեն։ Մնաց որ, խոսելու եղանակեն, գործածած բառերեն կը հասկցվեր թե տգետ մեկը չէր, արտահայտվելու մաքուր և պատկերալից ձև մը ուներ, ինչ որ ավելի շահեկան կը դարձներ զինքը իմ աչքիս և իր վիշտը ավելի ողբերգական կը ընծայեր ինծի։
— Ամիսներե ի վեր խաղաղ քուն մը չեմ քնած, շարունակեց կուրծքը հառաչալից, մղված անշուշտ պոռթկալու այն անդիմադրելի պետքեն զոր բուռն ցավերե տառապողները կը զգան, գուցե ոչ թե թեթևնալու, այլ իրենց կսկիծը արծարծելու, բոցավառելու համար։ Այո՛, քունս վրդովված է, կանոնավոր սնունդ չեմ առներ, և կնոջս ուրվականը կը տանջե զիս… կյանք չէ իմս, դժոխք է… բայց անշուշտ վախճանը կա այս անտանելի վիճակին… երբ գյուղս վերադառնամ դիս չպիտի ճանչնան․ ավելի աղեկ․ ծպտվելու պետք չպիտի ունենամ վրեժ լուծելու համար։ Եվ վայրկյան մը լռելե հետո՝
— Բայց դուք ո՞վ եք, կրնա՞մ ճանչնալ, հարցուր հանկարծ անվստահության զգացումով մը թերևս լեցված։
Ըսի թե ո՛վ եմ, և ու՛ր կերթամ, ի՛նչ ընելու համար։ Իսկույն, տեսակ մը ճառագայթումով ձեոքն ինծի երկարեց։
— Ուրախ եմ, ըսավ, զձեզ ճանչնալուս․ արդեն ծանոթ էիք ինծի… ձեր գրվածքներովը։
Եվ գոհունակության հառաչանքով մը՝
― Հիմա, շարունակեց, մտիկ ըրեք զիս՝ տեսնելու համար թե ինչ հրեշություններ կան աշխարհիս վրա, ամենեն հեռավոր գյուղերուն մեջ իսկ։
«Ես Խարբերդի Ք... գյուղեն եմ. Մեզրեի կեդրոնականը առի ուսումս, և շրաջնավարտ ըլլալե հետո ուսուցչություն ըրի մեր գյուղի վարժարանը։ Այդ միջոցին ճանչցա այն աղջիկը որ ետքեն կինս եղավ։ Անիկա շատ գեղեցիկ չէր, բայց ամբողջությամբ շնորհք էր․ Եփրատ կոլեճի մեջ կրթված՝ մեր գյուղի