օրիորդներուն առաջինն էր իր զարգացումովը, համեստությամբը և պարկեշտությամբը։ Ամենուն աչքը անոր վրա էր․ իր ծնողքը գյուղին է՛ն հարուստն էին, ինչ որ անշուշտ մեծագույն հրապույրն էր զինքը առնել ուզողներուն աչքի…։ Բայց ինք ոչ մեկուն կարևորություն կուտար։ Իր քույրը ամուսնացած էր իմ դպրոցակից ընկերոջս և ամենեն մտերիմ բարեկամիս հետ, որ աղքատ բայց գործունյա ըլլալով հաջողած էր գլխե հանել այդ հարուստ աղջիկը։
Ծնողքը պարտավորված էին տալ իրենց աղջիկը այդ մարդուն։ Անգամ մը այդ տունեն ներս մտնելու պես՝ բարեկամս, որ իր մեջ գեշ ու չար բնազդներ ուներ եղեր ծածկված, տիրապետական կը դառնա և ամենքը իր քմահաճույքներուն ծառա կը դարձնե։ Իր քենին՝ բնականաբար չէր կրնար համակրիլ այդ բիրտ ու կոշտ մարդուն, որ ամեն առթիվ վիրավորանքներ կը հասցներ խեղճ աղջկան, որուն հետ արդեն սկսած էի համակրական հարաբերություններ ունենալ։ Շատ չանցած երևան ելավ մեր հարաբերությունը և բարեկամս, որ այնքան սիրալիր էր միշտ հետս, հայտնապես թշնամություն սկսավ ինծի դեմ…։ Եվ հասկնալով որ դիտավորությունս էր ամուսնանալ իր քենիին հետ, ամեն ստորնությանց դիմեց արգիլելու համար այդ բանը…»։
Խոսակիցս կանգ առավ․ գիշերվան կիսալույսին մեջ աչքերը շողացին շեկ լույսերով․ ու տեսա որ դեմքին գիծերը կը պրկվեին կը կծկվեին՝ քստմնելի ըլլալու չափ։ Իր դիակային մաշվածության մեջ մոլեգնության այդ հարույցը ահարկու կը դարձներ զայն, և չորցած կոկորդը թրջելու համար թուք կուլ կուտար դժնդակ ճիգով մը։
— Բայց մեր խոստումը վերջնական, մեր դաշինքը անդառնալի էր, շարունակեց մարդը։ Նշանածս ինծի կը հաղորդեր նողկանքը և ատելությունը զոր կը զգար իր քեռայրին հանդեպ, և անհամբեր էր դուրս ելլալու այդ տունեն՝ ամուսնանալով ինծի հետ…։ Ծնողքը բնականաբար ենթարկված իրենց բռնավոր փեսին՝ համամիտ էին անոր հետ՝ աղջիկն ինծի չտալու․ բայց նշանածիս անհողդողդ կամքը հաղթեց ամենուն․ և մենք ամուսնացանք…։