Այս էջը հաստատված է

իմ բարեկամս եկավ միևնույն փափաքը հայտնել, սիրալիր ու համոզիչ ձևերով ապահովցնելով զիս թե մեծ խնամք և հոգածություն պիտի ցույց տրվեր կնոջս հանդեպ։

— Կը մտածենք, ըսինք իրենց։

Բայց կինս բնազդաբար, տեսակ մը նախազգուշացումով կը դժկամակեր համաձայնիլ այս հրավերին. չէր կրնար որոշակի ըսել թե ինչ բանե կը վախնար իր ծնողաց տան մեջ. գլխավորապես մասնավոր նողկանք մը կը զգար իր քեռայրին նկատմամբ․ միշտ տեսակ մը երկյուղ ունեցած էր անկե՝ առանց հայտնի պատճառի, այնպես, բնազդաբար։

Հետո դուրսը, առանձինն նորեն զիս բռնելով, քենեկալս փորձեր համոզել զիս։

— Քու բարեկամիդ չե՞ս վստահիր, ըսավ, բացակայությանդ միջոցին կինդ ո՞ւր կրնա մնալ՝ եթե ոչ իր ծնաղաց տունը, որ ամեն տեսակետով ապահովագույն տեղն է։

Հարկը օրենքը լուծեց, և ես իր ծնողաց տունը թողնելով հոգեհատորս՝ գացի Ամերիկա, տրված ապահովություններեն սիրտս բավական հանգստացած…։

Խոսակիցս այս վերջին բառերը արտասանեց այնքան նվազուն շեշտով, անանկ հուսահատական ճիգով, մը որ կարծեցի թե պիտի նվաղեր․ երկու ձեռքովը բռնեց երկաթյա ձողը, գրեթե փաթըթվեցավ անոր՝ վար չիյնալու համար․ և կը նայեր ակնապիշ, հեռուն՝ ամպարագիծ տարածութեան որ խավարասույզ կանդընդանար։ Չէի տեսած տակավին մարդ մը, որ ցավե և հուսահատությունե այնքան ընկճված, այնքան ոչնչացած ըլլա։ Կարծես կը լսեի իր էության փլչիլը, կյանքի մը քայքայման քստմնելի շառաչը։ Եվ այդ աղեխարշ փլուզումը արգիլելու անկարող, անկարեկիր հանդիսատեսը կըլլայի անոր, սառած, քարացած գրեթե…։

— Ամերիկայեն մինչև հոս, շարունակեց խուլ ձայնով մը, այս անդունդը շատոնց լափած կըլլար զիս՝ եթե վրեժխնդրության կրակը չըլլար մեջս…։

Կը լսեի կուրծքին հեքը, տաժանագին ու դժնդակ բան մը․ կը տեսնեի իր մարմինը տակնուվրա ընող մրրիկը։