Այս էջը հաստատված է

մթաշող խաժ աչվըները, թավաստև սպիտակախառն հոնքերուն տակեն։

Հաճի Մարտիրոս կսկիծ տեսած մարդ էր հաստաբուն կաղնիի պես մինակ ինք անխախտ մնալով այն մահաբույր քամիներուն դեմ որոնք բիրտ ուժգնությամբ առեր տարեր էին իր «ճիյերներ»–ը, հետզհետե պարապություն բերելով իր շուրջը, խեղճություն սփռելով։

Եվ կսկիծն ալ կարծրացնելով այդ ծերացած դառնացած սիրտը, անտարբերություն, սոսկալի անզգածություն առաջ բերեր էր։ Ա՛լ մահվան ավերներն բնավ սոսկում չուներ հիմակ, ամեն բան եղած լմնցած էր․ ինքը կմնար ու իր Ռափիկ թոռը, որուն գոյությունը միայն անոր համար կարևոր էր իրեն, վասնզի անոր աշխատանքին արդյունքով կապրեր, ինք ավելի գոհ կըլլար, եթե ան ալ մեռներ։ Կը կարծեր, որ իրեն կը հիշեցներ իր բոլորտիքեն անհետացած դեմքերը․ ու երբ մեջտեղեն վերնար տղան, Հաճի Մարտիրոս պիտի ըսեր թե ասանկ եկած է աշխարքի վրա, միս մինակ ու ասանկ պիտի երթա։

Իր կյանքը աշխարհի վրա կենտրոնացած էր լուցկիներու, սիկարի թուղթերու և ծխախոտի տուփերու մեջ, զորս առտվընե մինչև իրիկուն մատներուն մեջեն կանցըներ շոյելով փայփայելով ու շտկրտելով անընդհատ, իր միտքն հոգնեցնելով միայն այն՝ ապօրեն միջոցներուն վրա որոնցմով կրնար ավելորդ շահ մը ընել։

Տարի մը առաջ, երբ իրիկուն մը կռուփի հարվածներ կիջեցներ փոքրիկ Ռափիկին, հանկարծ թուլություն մը զգացեր էր ձախ կողմին վրա, ու մասնակի անդամալուծություն մը անզգայացուցեր էր իր ձախ ոտքն ու ձեռքը։ Բազուկը մասամբ առողջացեր էր, բայց ձախ սրունքը նույնը կը մնար միշտ ու այս պատճառով խուցին մեջ մտեր էր այն խոշոր անթացուպը, որ ճշմարիտ պատուհաս մըն էր եղած Ռափիկի գլխուն։

Մութը կը կոխեր, նոյեմբերի ցրտախառն այն մութը որ մռայլով ու թախծությամր շինված է։ Հաճի Մարտիրոս ակնոցը հաներ էր, ու իր պղտոր աչքերովը փողոցը կը դիտեր, երբեմն քթին տակեն մրմռալով.