Այս էջը հաստատված է

— Աս լոկո՞տը վուր մնաց, ա՛խ էյեր նորեն պակաս է նե․․․

Ու աջ ձեռքովը անթացուպը կը շոյեր, դեմքի աղետալի ծամածռումով մը։

Հանկարծ ծերունին վեր առավ գլուխը, որսի շան մը պես ականջները տնկելով․ իրիկնամուտի հարաճուն հանդարտության մեջեն հեռավոր սրտագոչ ձայնի մը արձագանքը լսվեցավ։

—...Քեհատը, քիպրի՜թ...

Ծերունիին նվաղկոտ աչքերուն մեջ շողյուն մը փայլեցավ ու անմիջապես մարեցավ։

— Ան Է, մրմռաց ու դողդողջ ձեռքովը շոշափեց իր անթացուպը, որ անորոշ կերպով կուրվագծվեր սենյակին մութ հատակին վրա։

Մեկ քանի վայրկյան ետքը խարխուլ դրան թացվիլը կը լսվեր ու ծերունիին նստած սենյակին սեմին վրա երևան կուգար, զգույշ ու վախկոտ շարժումներով փոքր մարմինը Ռափիկին, վիզեն կախված ունենալով իր քառակուսի տուփը։

Հազիվ երևցած Էր, ծերունին խեղդուկ ձայնով մը պոռաց․

— Ծո Ռափիկ, ինչո՞ւ ուշ մնացիր։

Տղան վարանեցավ, դողաց, շուրթերը շարժեց ու կմկմաց․

— Տետե, մյուշտերի Էլավ․․․

— Վա՛յ, բեք աղեկ, հոս բեր նայիմ, ի՜նչ ծախեցիր․․․

Ռափիկ քիչ մը քաջասրտված, հառաջացավ մինչև ծերունիին ցած բազմոցին առջև ու վիզեն հանեց տուփին կապը։

Դաժան ծերուկը «Սա խանտիլը վառե» պոռաց, մինչև իր դողդոջ մատներն արդեն սկսած էին առ խարխափ շոշափել տուփին մեջ եղածները, ու քթին տակեն կը մռլտար․

— Մեկ, երկուք, երեք․․․

Ռափիկ վազեց որմադարանին մեջեն առավ կանթեղը, սրտադողով վառեց զայն ու բերավ դրավ մեծ հորը մոտ, բազմոցին վրա։ Կանթեղը սկսավ պլպլալ իր գորշ կարմիր բոցեն արձակելով յուղոտ ծուխ մը, որ ցած ձեղունը կերկարեր մինչև, ու երբեմն իր տատանումներուն մեջ չկրնալով ուղղակի վեր ելլել՝ ծերունիին ճակատը կը մրոտեր։ Գարշ հոտ մը սկսավ տարածվիլ սենյակին մեջ։