Այս էջը հաստատված է

ծախած էր զանոնք և ստակովը պտուղ գնած ու կերած էր․ մեծագութն ոճիրը ընչեղ ծերունիին համար, և այս քանի՞երորդ անգամն էր․ երկու երեք օրն հեղ մը այս հանցանքրը կը գործեր Ռափիկ, ամենևին չուղղվելով կերած սոսկալի ծեծերեն, ու երթալով ծերունին կը կատղեր, կը սաստկացներ իր հարվածները, օր մը և գիշեր մը անոթի կը ձգեր տղան և սակայն չէր կրնար առաջքն առնել այդ աղետին։

Եվ խեղճ տղան ճղիկ ճղիկ գալով կը պոռչտար․

― Աման տետե… ոտկտ պագնեմ, տետե… էս չառի… էս չկողծա…

— Պիտի սատկուցունեմ քեզի, շան լակոտ… կը խորդար ծերունին հուզումեն խեղդված ձայնով։

Բայց խոնջենքը եկավ կասեցուց Հաճի Մարտիրոսին ախտավարակ ձեռքը, պատին կռթնած կը հևար կուրծքի խժլտացող ելևէջով մը, ձեռքերը, երկու կողմեն կախված, կը դողդողային, մինչ Ռափիկ, ահավոր հարվածներեն խորտակված, գետնին վրա կը փռվեր, ցավագին հեծյուններ արձակելով։

Ու կանթեղը խոլակերպ շարժումներեն հանդարտած թուխ բոցը կարձակեր շիփ֊շիտակ՝ մուխի գալարներ ղրկելով օդին մեջ դեպի ձեղունը, կես մութի մեջ թաղելով երկու թշվառ արարածները , Չըքսալընի անշուք այդ անկյունը, խարքլիկ տան մը խոնավ, մութ գետնահարկին մեջ։

Ծերունիին մոլեգին ակնարկը, դիվային շարժումներով, կը պճլտար տժգույն լույսին մեջ, գառագեղի վանդակին ծակերեն երևցող անոթի վագրի մը բոցափայլ աչքերուն հանգունակ։

Բայց հուզումն սկսավ անցնիլ, թունդ ելած ջիղերը հանդարտեցան, ու գետնեն առնելով անթացուպը կաղն ի կաղ մինչև բազմոցը գնաց ու դիակի մր ծանրությամբ ինկավ անոր վրա՝ քթին տակեն մռլտալով․

— Մեկալներուն պես տո՞ւն ինչու չսատկեցար, ան ատեն հաց չէի կտնար ուտելու՝ էս ալ կը սատկեի։

Կես ժամ ետքը կանթեղին սև մուրն ավելի երկրնցած էր ու զազիր հոտն ավելի սաստկացած, Հաճի Մարտիրոսին հերախռիվ գլուխը բարձն ի վար ինկած էր հիմակ, դիմագծերու ահարկու