Այս էջը հաստատված է

ծռմռկումով մը, բերանը չափազանց բաց, կմախքի մը ցուրտ երախին նման, ու քանի շնչառությունը ուժգին հևքով մը դուրս ելլեր իր հիվանդ սրտեն, երկար գիծ մը կիջներ կանթեղին մթնագույն բոցեն լուսավորվելով։

Անդին, յուղոտ տախտակամածին վրա, կը ստվերկվեր փոքր նիհար մարմինը Ռափիկին որ մուշ–մուշ կը քնանար անմեղի քունով, հակառակ քաշած թշվառությանը, սիրուն և հաճոյալի։ Եվ երկու հանդիպակաց պատերուն վըա հիմակ անոնց ստվերներն ալ կը խաղային քմշոտ գիծերով, այլանդակ կոտրրվածքներով ու երկարաձգումներով. ծերունիին գլուխը, իր անդնդային երախին հետ մինչև ձեղունը կը բարձրանար ամեն բան կուլ տալու ահռելի թափով մը, ու հանկարծ վար կը թավալեր կանթեղին մեկ փոքր շարժումեն, ու մերթ կերթար մինչև իսկ կը խառնվեր Ռափիկին շուքին հետ, որ վտիտ ու բարակ գիծերովը անհետ կըլլար անոր տակ։

Չըքսալըն հանդարտ Էր, ծանրաթախիծ հանդարտություն մը որ ճիշդ հակապատկերն է ցերեկի թշվառությանը եռացող Ժխորին։ Գիշերապահը ճոկանովը կը տոփեր գետինը, և շուն մը, հեռավոր փողոցե մը սուր կաղկանձ մը կարձակեր։

— Թյությունճի՜ , սիկարա քեհա՜տը, քիպրի՜թ…

Այս տխրաշունչ վայոցը կը լսվեր դարձյալ փողոցներուն մեջ, փոքրիկ Ռափիկին հավիտենական ձայնարկությունը որուն զվարթ ու կայտառ շեշտը քիչ–քիչ տեղի կու տար լալագին եղանակի մը, հեծկլտուքներե ու հառաչներե պատռտված կոկորդե մը դուրս թռչելով։ Մանավանդ առտուները, երբ բնությունը դեռ բոլորովին չէ արթնցած իր մթաստվեր թմրությունեն, Ռափիկի առջևի գիշերվան գավազանին հարվածներուն քայքայող ազդեցաթյունեն ընկճված ու տխրահամակ, գրեթե լալահառաչ կը հաներ իր ձայնը, ոսկորներուն մեջ զգալով դեռ կծու ցավ մը և իր մանկային երևակայության մեջ հրաշեկ երկաթներու պես ցցված տեսնելով հազարավոր անթացուպեր որոնք պատրաստ էին ճղճիմ մարմնույն վրա ելլել իջնելու անխնա, ջախջախիչ։