Բայց երբ արևը կը ծփար երկնքին կապույտ հատակին վրա, երբ ոգևորությունը կը տիրեր փողոցներուն մեջ ու Ռափիկ կը սկսեր առուծախ ընել, իր դեղնած դեմքը վատ երևույթ մը կը ստանար, նվաղկոտ աչքերը կը բոցավառվեին ու իր կայտառիկ ու չարաճճի հասակը կը պտըտցներ փողոցե փողոց, իր երկարաձիգ ու զվարթ կանչն արձակելով․
— Թյությունճի՜ …
Ու ցորեկները, հակառակ իր մեծ հոր խիստ պատվերներուն, սովորություն ըրած էր փողոցի մը մեջ վար դնել իր տուփն, ու հասակակից տղաքներուն հետ զանազան խաղեր խաղալ։ Երբեմն մամեն ավելի հոն կը մնար, տղայության անսանձ բնազդին համակերպվելով, բայց մեկեն ի մեկ, հեղակարծ վերհիշումով մը որ պողպատե դանակի պես կը կտրեր կանցներ իր էութենեն, կը մտաբերեր առջի գիշերվան ահավոր տեսարանը, կը տեսներ տետեին դժոխային դեմքը, ու ինքզինքին գալով կը թողուր խազ զբոսանք, կառներ ճիտը կանցուներ տուփին չվանը ու աճապարանքով կը հեռանար հիմակ անթացուպը կռնակին մեջտեղին ուտելու սարսափելի զգայությամբ մը։
Բայց դեռ այդ վերհիշումը չունեցած ու խույս չտված, խեղճ Ռափիկ վատ արարքի մը զոհ կերթար, որ իր մատաղ կյանքը հը ջախջախեր։ Խաղին ամենեն տաք կետին, տղաքներեն մեկը, մանրանկարը գուցե ապագա այն մարդուն որ միշտ չարիք հասցընելու հետամուտ պիտի ըլլա ուրիշներուն, կամացուկ մը առանց տեսնվելու, կը սպրդեր դեպի Ռափիկին տուփը ու ակնթարթի մեջ բան մը կը թռցուներ անկից․ կամ տուփ մը լուցկի, կամ սիկարեթի թուղթ, կամ ծխախոտի ծրարիկ մը, ու չարութչուն մը գործած ըլլալու անգիտակից ուրախությամբ մը համակ, կը գըրպաներ զայն, Ռափիկին մեկնումեն ետք իր ընկերներուն բաժնելու համար այդ, անարգ կողոպուտը։ Եվ խեղճ աղան, գիշեր ցերեկ չարաչար հոգնեցնելով հանդերձ իր ուղեղը, չէր կրնար գտնել գաղտնիքը այդ կործանարար անհետացումներուն։ Շատ անգամ կը պատահեր որ առջի գիշերվան ծեծը սաստիկ ըլլալով, չէր ուզեր մասնակցիլ տղաքներուն զբոսանքին, և երբ անոնք պատճառն հարցանեին, կը բանար իր աղտոտ շապիքին կուրծքը