ու ներդաշնակ ձայնով մը, որուն մեջ տիրական շեշտ մը կար, ըսավ․
— Ետևես եկուր։
Համբիկ բազուկներուն տակ զետեղեց ծրարներն ու հետևեցավ մանկամարդ աղջկան, քիչ մը խռոված անոր մեծաշուք կերպարանքեն ու անուշ բուրումներեն որ կը խուսափեին անոր ամբողջ անձիքեն։ Մինչև այն ատեն ասանկ բաներ չէր զգացած․ շրջազգեստին շրշյունը , մանրիկ ոտքերուն խրոխտ կոխվածքը քարահատակին վրա, դեղնագույն ժանյակով եզերված հովանոցին նազելական ճոճումը և մանավանդ ծոծրակին սպիտակ միսը որ կերևար օձիքին եռանկյունի ճեղքեն, բոլորովին կը գինովցնեին փողոցի այդ ստամբակը․զգացած հաճույքը այնքան բուռն եղավ որ կը փափաքեր որ ճամբան անհունապես երկար ըլլար․ հավիտենապես վայելելու համար այդ քաղցր երանությունը․ մինչև այն ատեն իրեն անծանոթ երազանքներ, խառն ի խուռն կը խուժեին միտքին մեջ, կը գգվեին իր թաքուն զգայնությունները․ ու կը հետևեր այդ մտացածին էակին, զգլխիչ բույրերով առլի մըթնոլորտի մը մեջե ինքնաբերաբար քալելով կարծես, լիաթոք ծծելով իր ռնգունքները շոյող այդ խելահեղիչ հոսանուտը։
Մանկամարդ աղջիկը մեկեն կանգ առավ դրան մը առջև ու դառնալով Համբիկին․
— Տղա՛, ըսավ առանց անոր երեսը նայելու, հոս ձգե՜ և գնա։
Եվ քառասուննոց մը դրավ ստամբակին ձեռքը։
Համբիկ վրան անգամ չնայեցավ ստակին․ անախորժ հուսախաբություն մը կրածի պես պահ մը քարացավ մնաց, բայց շուտով խելքը գլուխը գալովն դանդաղորեն հեռացավ, ակռաներուն տակեն մրմռալով․
— Վ՜այ անիծից, ծո էս ասանկ աղվոր ախջիկ չէի տեսեր, ան ի՜նչ ճիտ էր։
Առաջին անգամ ըլլալով այն իրիկունը չգնաց իր սովորական փողոցը ու գլուխը չժողվեց փոքր աղջիկները, որոնք զարմացած այդ բացակայությանը վրա՝ ըսին իրարու․