Այս էջը հաստատված է

ցանցառ փնջիկներ։ Մեծ վայելք մըն էին իրեն համար այդ վայրկենական ու վաղանցիկ նայվածքները։

Բայց պառկած ատենը բուռն տխրությամբ մը կը համակեր հեք Համբիկ և ամեն անգամ որ իր հոգնած դադրած ոտքերը կերկնցներ հանգստավետ խշտիկին վրա կը մրմնջեր

-Ան ի՜նչ ճիտ է, պե՛։

Իր հանդուգն բնավորության օգնությամբը, հաջողեցավ իր ոտքը դնել իր երագած տունեն ալ ներս։

Հարուստ ընտանիք մը կը բնակեր այդ տան մեջ, հայր մը, մայր մը, երկու զավակ՝ աղջիկ մը, օրիորդ Սիրանուշ և մանչ մը։ Կնոջական ամեն դյութություններով հղփացած սիրուն օրիորդ մըն էր Սիրանույշ, որուն շատ երիտասարդներ աչք ունեին, թե գեղեցկության և թե՛ հարստության համար․ բայց ինք դժվարահաճ էր և բնավ ականջ չէր կախեր իրեն եղած առաջարկներուն. գաղափարային աղջիկ մըն էր, որ այն ատեն ամուսնական կյանքին մեջ պիտի մտներ, երբ գտներ իր մտատիպարը, որ տակավին շատ հեռու ըլլալ կերևակայեր ինք։ Բայց իր կարծիքը սխալ ելավ․ երեկույթի մը մեջ—օ՜հ, ի՞նչ պիտի ըլլար շատ մը աղջիկներու և երիտասարդներու վիճակը, եթե չըլլային այս երեկութները—հանդիպեցավ գեղեցիկ, իր երազած ձիրքերով օժտված երիտասարդի մը որուն անմիջապես համակրեցավ։ Ավելորդ է ըսել թե երիտասարդը առանց վարանելու փոխարինեց այդ համակրանքը՝ հաճոյալի խոսքերով։

Նորարծարծ սիրո քաղցր վայելումները շատ կարճ կերևան սույն երեկույթին քանի մը ժամերու միջոցին․ գիշերը կանցնի ամպի բրդուճի մը պես զոր հովը կը վարե կը տանի՝ երբ հազիվ կարմրերփնված է նորածագ արևին շառայլեն։ Տեսակցությունը նորոգել անկարելի ըլլալով, երիտասարդը կը հանդգնի իր սրտին բոլոր զգացումները ծաղկենկար ու անուշաբույր թղթին հաղորդել և զայն ղրկել իր սիրեցյալին։ Օրիորդ Սիրանույշ դողդոջ ձեռքով և ճակատին վրա վաղանցիկ շիկնումով մը կարդաց սիրո այդ բոցեղեն արտահայտությունը որ կը վերջանար պատասխան ընդունելու պաղատանքով։ Մանկամարդ աղջիկը որուն կը պակսեր տակավին սիրային հանդգնություն, քանի մը օր մտածեց՝ միշտ

174