նայե, սա վարը սոլ թարաֆի խանութը կը տեսնա՞ս կոր․ ներս մտիր, Համբիկ հարցուր պելքի ան ունի։
Մանկամարդ կինը ցուցված խանութը ուղղվեցավ և ներս մտավ դուռնեն։ Բարձրահասակ մարդ մը կեցած էր և չավելաներուն մեջ ձուկերը շարելու զբաղած․ ոտքի շշուկ մը լսելով ետին դարձավ։ Կինը ներս մտած ու քովը կեցած էր։
— Համբիկը դո՞ւն ես, հարցուց։
Այս ձայնը լսելուն պես ձկնորսը ամբողջ մարմնովը դողդողալով․
— էս եմ, ըսավ։
— Լեվրեկ պալըխի կը գտնվի՞ քովդ, ինչ որ ուզես կուտամ։
Ձկնորսը քայլ մը ետև գացած էր և պլպլացող կանթեղին լույսովը դեմքը կը դիտեր այդ հաճախորդուհիին։ Դառն և աղետալի ժպիտ մը սահեցավ ձկնորսին շուրթերեն։
—Կը կտնվի, պատասխանեց համր ձայնով։
Եվ ծռելով, թակույկի մը մեջե ձուկ մը դուրս հանեց, չավելայի մը վրա դրավ և մատովը ցուցնելով․
— Իշտե՛, ըսավ։
— Ի՞նչ տալու եմ։
— Հիմա կըսեմ։
Ձկնորսը բացավ շապիկին կուրծքը, ձեռքը ներս խոթեց ու կարճ խուզարկությունե մը ետքը, թուղթի մը կտոր դուրս հանեց, ձուկին կռնակին վրա բացավ զայն և Սիրանույշին դառնալով՝
— Սըվիկա կիտե՞ս ինչ է, հարցուց։
Մանկամարդ կինը ծռեցավ ծաղկանկար թուղթի մը վրա, որ սակայն ժամանակ անցնելով դեղնած էր․ ու կարդաց․
Պաշտելի Արամս,
Ետ քաշվեցավ ափիբերան եղած, ձկնորսին երեսը նայեցավ սոսկումով և ակռաներուն մեջեն մրմնջաց․
— Համբի՜կ․․․
— Ճիտեդ պաչիկ մը, պատասխանեց ձկնորսը ձեռքը ձուկին վրա դնելով և Սիրանույշին նայելով հոսնությամբ։
Անոնց աչվըները պահ մը իրարու մեջ մխրճեցան․ իրարու շատ բաներ ըսին անոնք անձայն, մունջ։