կոկիկ երևնալու ջանքեր կըներ, բերանը այնչափ մեծ էր բանար, ոտվըները քիչ մը ավելի կը հրեր եմիններուն մեջ, մազոտ կուրծքը կուզեր պարտկել բաճկոնակին տակ, ֆեսն ավելի խնամքով կը զետեղեր գանկին վրա երբ ներս մտներ Պիեռ֊Հոլ գարեջրատունեն, ուր իրիկունները, ժամը տասնըմեկեն անգին, սեղաններուն շուրջը կուգային կը շարվեին սովորական հաճախորդները,առջևնին գարեջուրի մեյ֊մեկ գավաթ։
Օր մը, հաճախորդին մեկը, որ միշտ հաճույք կը զգար Միրիկին հետ խոսակցելեն, զարմացումով նշմարեց որ իր ամեն ժամանակ տեսած հին եմենիներուն տեղ հիմա նորեր հագած էր անիկա, հեգնական շեշտով մը անմիջապես հարցուց անոր այս տարօրինակ նորության շարժառիթը։ Միրիկ, որուն բացարձակ անծանոթ էր ամոթխածության զգացումը, հանցանք մը ըրած պահուն բռնվող տղու մը խպնոտ և երկչոտ շարժումն ըրավ, շուրջը նայեցավ՝ այդ հարցումին պատասխանը մեկեն գողնալու անակնկալությունով, բայց իր աչքը հանդիպեցավ երկու սեղան անգին երիտասարդի մը քով նստող մանկամարդ աղջկան մը որ հարցումը լսած ըլլալով՝ ինքն ալ պատասխանին կը սպասեր։
— Մեկալները հինցեր էին, ըսավ մեղմ ու խորունկ հառաչով մը և անմիջապես չավելան առնելով դուրս ելավ գարեջրատունեն։
Ա՜լ անկեց ետքը երկու շաբաթի չափ չմտավ այն գարեջրատունը․ միայն, երբ առջևեն անցներ, գաղտագողի ակնարկ մը կը նետեր դրան ճեղքեն ներս ու կը փախչեր։ Բայց իրիկուն մը երբ դարձյալ ներս պիտի նայեր, կեցավ, ձեռքը ճակտին տարավ, մտածեց, վարանոտ, հետո հանկարծ դուռը բացավ, ներս մտավ և իր սովորության համեմատ պտըտել սկսավ սեղաններուն առջև, մեղմ ձայնով մրմռալով․
— Գըրմըզը քարիտե՜զ։
Նորեն հոն նույն սեղանին առջև նստած էին երիտասարդն ու մանկամարդ աղջիկը, սև մազերով թխագույն, շնորհալի սևազգյաց օրիորդ մը որուն աչվըներուն սև եռումի տակ անպատճառ սարսուռ մը կը զգար մարգ։ Շաբաթը գրեթե երեք անգամ հոդ կուգային անոնք, երիտասարդն որն ու աղջիկը առաջինը