միշտ կուգար ու կսպասեր երկրորդին․ ձեռքի սեղմումե մը ետք իրարու քով կը նստեին և փսփսուք մը կը սկսեր իրենց մեջ։
Երբ Միրիկ իր պտույտը շարունակելով անոնց առջև հասավ, աղջիկը հանկարծ քովինին դառնալով՝ ըսավ․
— Քարիտեզ ա՛ռ։
Միրիկին աչվըները վառեցան, ժպիտ մը եկավ հաստ շըրթունքներուն վրա ու մարեցավ, վեր առավ չավելան ու մատներովը խառնելով քարիտեզները, ըսավ՝ ձայնին մեջ աննշմարելի հուզումով մը․
― Քուրի՛կս, ասանկ քարիտեզ էոմրիդ մեջ կերած չես, համեն հոտեն չես կշտանար, է՛ն աղվորներեն տամ։
Եվ սկսավ զատել ամենեն խոշորներն ու ամենեն կարմիրները, պնակի մը մեջ լեցուց ու լեցուց, տալու սրտաբուխ ավյունով մը համակված, մինչև որ պնակին մեջ ա՛լ տեղ չմնաց։
— Քանի՞ փարա է, հարցուց երիտասարդը։
— Փարա՞, ըսավ Միրիկ տեսակ մը զարմացումով, չէ՛ , աս հեղու փարա չեմ ուզեր, համը նայեցեք, էյեր աղեկ ըլլանե պաշխա վախիդ փարա տվեք։
Եվ չավելան առնելով դուրս ելավ շտապով, թռուցիկ ակնարկ մը նետելե ետք աղջկան երեսին, որ թեթևապես դեղնած էր հիմակ։ Մանկամարդուհին քիչ մը ակներև անհագությամբ մը կերավ Միրիկին կարմրուկ միջատները, ծծեց անոնց ամեն մեկ հատը, կերավ, իր ճերմակ մանտրտիկ ակռաներուն տակ, ճզմելով քարիտեզներուն նուրբ փեճեկները, այն աստիճան որ քովը նստող երիտասարդը զարմացումով հարցուց․
— Գոհարի՛կ, ես չէի դիտեր որ այդչափ կը սիրես քարիտեզը։
— Օ՜հ, շատ կսիրեմ, պզտիկությանս հայրս միշտ կը բերեր մեզի։
Երբ երկու գիշեր վերջը Միրիկ ներս մտավ Պիեռ-Հոլեն, մուգ ֆես մը կը ծածկեր անոր գլուխը, առջի յուղոտ հին ֆեսին տեղ։ Գոտին կորսնցուցած էր իր անհոգ թույլ կապվածքը, ու տեսակ մը վայելչությունով ամփոփված էր անոր կորովի մեջքին վրա և