չավելան ալ, զոր առաջ անփութորեն աջ կողմեն ի վար կը կախեր, հիմակ ելած էր անոր խոշոր կաշմբուռն ձեռքին վրա համբարձիկ։ Հաճախորդները խորին զարմանքով կը տեսնեին Միրիկին կրած փոփոխությունը քանի մը շաբթվան մեջ կարծես գերբնական զորության մը ազդեցությամբը․ ա՛լ անանկ կոպիտ շարժումներ, բիրտ շեշտեր, կոշտ խոսքեր չուներ․ իր սիրելի քարիտեզներուն վրա իսկ ա՛լ նույն գորովագին ակնարկը չէր նետեր, ուզողին կուտար ափին մեջ լեցնելով միջատները, տրված ստակը առնելով անտարբեր և դուրս ելլելով գարեջրատունեն՝ տրտմությամբ մը համակված կարծես։
Երբ այն գիշեր ներս մտավ, ուղղակի մանկամարդ աղջկան սեղանին գնաց, ու խնդալով հարցուց թե ինչպես գտած էին իր քարիտեզները։
— Շատ համով էին, ըսավ մանկամարդուհին, նորեն տուր։
Միրիկ դարձյալ տվավ միշտ շռայլորեն և այս անգամ երթալու պահուն սևեռուն ակնարկ մը նետեց աղջկան վրա, որ սարսուռ մը ունեցավ։
Անկե վերջ խելացի գաղափար մը հղացավ քարիտեզճին։ Այս ստորին դասակարգի մարդը իր անշնորհ մեջքի գոտիով, իր ապայե հագուստին կոշտ հյուսկենովը, այս աղջկան բնական վայելչության քովիկը անտեղի ու անպատշաճ բան մը կըլլար․ վազեց պատրաստ հանդերձեղեններու խանութ մը գնելու այն նեղ ու գծուծ զգեստներեն մեկը զորս իր հսկա ու խրոխտ մարմինը արհամարհած էր միշտ, անոնց վրա ամեն բան պզտիկ, փտտուկ, ողորմելի կերևար իր աչքին․ հիմա բաղդատություն կըներ և իր լայն ու դիմացկուն հագուստներուն գերազանցությունը կը հասկնար։
Ակամա, գրեթե ցավով կը բաժնվեր անոնցմե, կուրանար իր բոլոր անցյալը ու նոր ի նորո կը հագվեր, կերպարանափոխ կլլար։ Հայելիին առջև ուր գնաց կենալու, ինքզինքը չճանչցավ․ ո՞վ էր անոր մեջի երիտասարդը։ Վճարեց ու դուրս ելավ։ Թե՛ հուսահատ էր թե՛ ուրախ։
Այսպես հագված սգված, Միրիկ աղեկ մը մաքրեց իր չավելան, ամենեն խոշոր, ամենեն կարմիր քարիտեզները դրավ մեջը,