Գացին քովը նստան։
Ի՞նչպես խոսքը բանալ պառավին։ Եթե հանկարծ ցավին սաստկութենեն կաթվածահա՞ր ըլլար։
Մկրտիչին գործը չէր․ արդեն կանիծեր Սերոբը՝ դրամի այդ անդիմադրելի փորձության զինքը մատնած ըլլալուն։ Ուստի Սերոբ խոսք առավ․
— Նինե՛, հալերնիս կիտես․․․ գործ չիկա․․․ հոգինիս պերաննիս կուգա կոր, մինչև քի հացի մը փարա կճարենք կոր նե․․․ մեզի պես տելիխանլըներ աստար փարայով կըլլա՞ն․ դուն մերին տեղը ըլլաս նե՝ ի՞նչ կընես․․․ ասոր սո՞նը․․․ ճար մըտմըտալու․․․ Մենք մտմտացինք՝ կտանք․․․ ամա նայինք դուն խայիլ պիտի ըլլաս․․․
Մամիկը, որ ուշադրությամբ մտիկ ըրած էր, վեր առավ գլուխը, հետաքրքրվելով այս փոքր ճառեն։
— Զավակներս, ես ծեզի համար ամեն պանի խայիլ կըլլամ․․․ ըսե՛ք նայիմ՝ ի՞նչ է։
Սերոբ վարանեցավ․ եղբորը երեսը նայեցավ, հազաց, կմկմաց, շուրթերը շարժեց և ըսավ․
— Նինե՛, աս անանկ պան մըն է քի, էյեր չէ ըսես, չլլար․․․ տահա աղեկ է քի հիմակվընե հա՝ ըսես․․․ մենք մտմտացինք քի․․․ աս տուներնիս մեզի համար շատ մեծ է․․․ անոր համար խելք ըրինք քի, էյեր քիրայի տանք նե, քիչ մը փարա կասնի ծառվընիս․․․
Մամիկը, որ թուշը ձեռքին վրա դրած մտիկ կըներ, թոթվվեցավ, աչքերը մոլեգին բոցով մը վառվեցան և դողդողջ ձայնով մը պոռաց իր թոռներուն երեսին․
— Աշխարհք մեկտի կա, ես տունես չեմ զատվիր․ հատե՛, պաներնիդ կացե՛ք։
Սերոբ բարկացավ․ ադ սոսկալի համառ պառավը իրենց դժբախտության պատճառ կըլլար։
— Էյեր տուն խայիլ չըլլաս նե, մենք զոռով քիրաճի պիտի պերենք հոս․․․ մենք քեզի համար անոթի-ծարավ չենք կրնար մնալ։