Ու երկու եղբայրները, հաստատամիտ, առին քալեցին տունեն։
Մամիկը առանձին մնաց նորեն, իր սարվածին առջև, մետաքսի դեզերուն մեջ, չեհրեն ձեռքը, սառած դեմքին վրա անսահման տրտմությամբ մը, զոր խորշոմներեն դուրս կցայտեցներ կանթեղին մթաշող երերուն լույսը։ Ականջին մեջ կբզզային թոռանը վերջին զարհուրելի խոսքերը… «զոռով քիրաճի կպերենք»… Այո ՜,միտքը դրած էր, անդրդվելի պիտի մնար․ տունեն դուրս ելլալ… բայց տանը սեմին առջև իսկ գերեզմանին փոսը կսպասեր իրեն՝ զինքը կուլ տալու համար։ Խելըռած էին իր թոռները, ետքեն պիտի խելոքնային անշուշտ․ չէ՜, սուտ էին, կատակ ըրած էին իրեն հետ։ Այս մասին ապահովվեցավ սիրտը, որ ուռած էր, հանգստացավ։
Բայց մետաքսը փաթթելով հանդերձ, պառավը հիմակ լալագինորեն կմռլտար․
— Տո՜ւնս, տո՜ւնս, տո՜ւնս։
⁂
Ամառվան հրաշունչ տաքմը կըներ․ արևը մամիկին տունը իր կրակե հեղեղին մեջ ողողած էր բոլորովին։ Հեք պառավը միսմինակ էր, տխուր՝ հակառակ ինքն իրեն տված մխիթարանքներուն։ Տղաքը դեռ երևցած չէին գիշերվընե ի վեր․ ինչո՞ւ տուն չէին դարձած։
Ցերեկվան մոտ մեկենիմեկ տանը բաց դուռնեն ներս մտան Մկրտիչ և Սերոբ՝ երկու ուրիշ մարդոց հետ։
Վարձվորներ էին․ տուն տեսնալու էին եկած։ Մամիկին երեսն իսկ չնայեցան․ երկու եղբայրները զանոնք պտտեցուցին տունը, գովեցին անոր հատկությունները, բարեմասնությունները բացատրեցին և վերջապես համոզեցին այդ մարդիկը, որ վարձեն իրենց տունը ամիսը 70 ղրուշի։ Սակարկությունը եղավ լմնցավ, կմնար տունը պարպել ու մաքրել։
— Առջևի ամսականը փեշին կուզենք, — ըսին երկու եղբայրները։