Այս էջը հաստատված է
Ե Վ Ի Ն Ի Կ Ե

Հուլիսի առաջին օրերեն Եվնիկե մոր հետ ծով մտնել սկսավ, բժշկին պատվերին համեմատ։ Եվնիկե անանկ աղջիկ մըն Էր, որուն համար ոմանք զեղեցիկ է կըսեին, իսկ ուրիշներ անշնորհք կգտնեին զինքը։ Առաջին գնահատումը կբխեր փափկաճաշակ երիտասարդներե, իսկ երկրորդը՝ մանկամարդ աղջիկներե։ Իր կաթի պես ճերմակ դեմքին հոծ միսին մեջ լողացող կապույտ աչվըները, խրոխտ ու արհամարհոտ նայվածքով լեցուն, սարսուռ կազդեին զինքը դիտողին։ Հասակը երկար, բարեձև, հրապուրիչ ճկունություններով։ Ձայնը՝ բյուրեղի հնչյունով, թափանցիկ։

Մայր ու աղջիկ, առտու-իրիկուն, ձեռվընին մեյմեկ ծրար գետեզրը կիջնային, նավակ կնստեին փոքր փլփլկած նավամատույցեն և դիմացի կղզեկին վրայի բաղնիքը կերթային։ Երկու ծերուկ նավավարներ փոխն ի փոխ հանդիպակաց եզերքը կփոխադրեին բաղնիք մտնողները․ օրվան մնացյալ մասը կանցընեին գետափնյա սրճարանը, նավակներնին կապած խարխուլ նավամատույցին մեկ ձողին։ Մեկը կար սակայն, որ հոն կապված կմնար շարունակ, — Սամիկ աղբարը։ Կարճուկ մարդ մըն էր, շատ կարճուկ, երկար սրունքներով և թևերով, որոնց մեջ իր պատառ մը տձև խորտուբորտ իրանը գորտի մը մարմինը կհիշեցներ։ Ոչ երիտասարդ ըլլալը հայտնի էր, ոչ ծեր․ մազերը անորոշ գույն մը ունեին, երեսը արևեն էրած֊թխացած, աչքերուն անհանգիստ փայլը շեշտելով։ Իր ամբողջությունը, լուռ և անթափանց կրնար երկյուղ պատճառել նախապաշարված մարդերու ծովային