կատարվեին մեքենական ճշգությամբ և անվհատ միօրինակությամբ. մոլեգին բան մը կար այդ անծանոթ ծերունուն անսովոր ընթացքին մեջ, մոլեգնություն որ ևս առավել ահավոր կը դառնար իր արտաքին հանդարտիկ երևույթովը ու անզգած դեմքովը խուլ, կատաղի բան մը կելևէջեր, կը պտուտքեր անոր մեջ, չեմ գիտեր ինչ, այլանդակ սեր մը, ծերության վայրագ քմաճույք մը, հեշտախտային այն մոլեգին գրգռումներե մին, զոր ո՛չ մեկ կերպով կարելի է բացահայտել։
Ձմրան սառնաշունչ օր մըն էր․ բնությունն զգեստավորված էր ձյունեղեն սպիտակ հանդերձ ու մթնոլորտին մեջ, ուր սաստիկ հով կար, ձյունի առկախ օվկիան մը կը տարուբերեր։ Շատ հաճելի բան չէր այդ օդին դուրս ելլել․ իրավ, բնության այս բանաստեղծական հանգամանքը տեսնել կարժե, բայց սենյակիդ պատուհանեն, երեսդ ու ձեռներդ կրակարանին տված։
Ես այդ օդին տեսա պապուկն որ գավազանին վրա հենելով և մինչև ծունկերը ձյունին մեջ թաղվելով՝ կը առաջանար կամաց–կամաց և տքալով գունդ ու կլոր իրանը ձյունի վրա բավական ուշագրավ ու քիչ մըն ալ ծիծաղաշարժ ձև մը կառներ, կը դողար, կը սարսռար, բայց կուզեր երթալ, հոն, անկյունը՝ միշտ․ եթե կրակ իսկ թափեր երկնքեն։ Կես ժամ ետք, միևնույն քայլերուն շավիղին վրայեն ուրիշ մեկը կը առաջեր դեպի եկեղեցվուն դուռը, «խամպուռն» էր որ ստակը դնելով պապուկին ցրտասարսուռ ձեռքին մեջ կը հեռանար կորագլուխ և խուն ինչ տխուր։
Երբ իրիկունը ժամկոչն եկավ եկեղեցվուն դուռը գոցելու, տեսավ որ պապուկն ինքն իր վրա կքած մնացել էր հոն։ Անմիջապես իմաց տվավ մյուս ժամկոչներուն ու քահանային, որք եկան, վերուցին հեք պառավը, որ, արդարև մեռած էր այդ պաղ քարեն վրա լուռ ու մունջ։ Աջ ձեռքին սեղմ մատներուն մեջեն տասնոց մը գտնվեցավ։ Դրացիներեն նվազ քարասիրտները, արգահատելով, եկեղեցի գնացին․ արարողությունը սովորականեն կարճ տևեց․ տերտերն աղոթք մը լփրտեց ու Ժամկոչներն ալ ուսերնուն վրա նետելով ճաղն ուր նետած էին մարմինը, գերեզմանատուն վազցուցին։