Շագանակագույն ծաղկենկար կերպասներով պաստառված էր սենյակը, կոկիկ, ու մաքուր. բոլորշի սեղանին վրա կանանչ գորգ մը փռված Էր․ լամպար մը, լուսամփոփով հովանավորված, իր ջինջ պայծառությունը կզեղուր սենյակին ստորին կողմը, վերին անկյունները մեղմ մթության մեջ ձգելով։ Սեղանին մեկ կողմը թիկնաթոռի մը վրա նստած էր քառասուննոց կին մը, գիրուկ, քաղցր դիմագծությամբ, խարտյաշ մազերուն մեջ ցանցառ ճերմակ թելերով, որոնք մասնավոր հրապույր մը կստանային լույսին մեջ, արծաթի պես շոգալով։ Դիմացը նստած էր էրիկ մարդ մը, հազիվ քառասունհինգ տարու, հերաթափ գանկը մարմարի հղկությամբ փայլուն․ հանդարտ դիմագծերը թեթև հեգնություն մը կցուցնեին, առանց վնասելու իր բարի ու կորովի արտահայտությանը։ Սեղանին ծածկոցին վրա գիրք մը բացած՝ շարունակ կթղթատեր, մերթ գորովալիր ակնարկ մը նետելով իր կնոջը վրա։
Հանկարծ սրտնեղության շարժում մը ըրավ, գիրքբ գոցեց և խոնջենքի հառաջ մը արձակելով թիկնաթոռին մեջ ամբողջ մարմնովը բազմեցավ՝ գլուխը հետև նետած։
— Սուրբի՛կ, ա՛լ կօգտե որչափ բանեցար, այդչափ աշխատությունը, մանավանդ գիշեր ատեն, աչքերուդ կվնասե… քիչ մը խոսինք։
Կինը, առանց ձեռագործը ձգելու, վեր առավ գլուխը և իր սև խոշոր աչքերը ամուսնին վրա հառեց զզվանքով։
— Դարձյալ կրնանք խոսակցիլ,— ըսավ,—իմ աշխատությունս