զուրկ փոքր էակներու վրա գրեթե նույն սաստկությամբ կարտահայտվի։ Մեծ հոգ կտանեի պչրանք ցուցնելու Օննիկին՝ անոր զմայլական նայվածքները գրավելու համար․ խոտին վրա իրարու ետևե վազվռտած ատեննիս, երբ թևերը բացած վրաս հասներ, սարսափելի ճիչեր կարձակեի․խեղճ տղան սահմռկած կմնար, չհասկնալով, թե ինչո՛ւ այդքան չկամությամբ կվարվեի իրեն հետ։
Մինչ կխոսեր տիկին Սուրբիկ, ամուսինը խորին ուշադրությամբ մտիկ կըներ, արմուկը թիկնաթոռին հենակին վրա և ծնոտն ալ ափին մեջ։
Հիմակ, կինը կշարունակեր ձեռագործը, քիչ մը ավելի՝ տենդոտ արագությամբ, այս հեռավոր անուշ հիշատակին վերաբերումեն հուզված։
․․․Երբեմն Հուսեփիկիս վրա նայած ատենս միտքս կիյնա խեղճ Օննիկը․ օհ, կարծես ան է․ նույն պճլտացող աչքերը, նույն չարաճճի շարժումները։ Ու հիմակ իրավամբ երեսիս կզարնեմ իմ բռնած ընթացքս, սիրտս կցավի այնքան չարչարելուս հեք Օննիկը։ Շատ անգամ, երբ ձեռքը դրամ անցներ, անմիջապես շաքար կառներ և ինծի կուտար ուտելու․ հաճույքով կդիտեր իմ ուտելս․ ու երբ, ղիս վերջապես շահած ըլլալու հույսով ձեռքը կերկնցներ գլուխս բռնելու՝ «աղվորիկս» ըսելով, ճիչ մը կարձակեի ու կփախչեի․ հայտնի բան էր, որ այդ պզտիկ տղան կտառապեր․ բայց ինքն ալ անշուշտ չէր գիտեր տառապելուն պատճառը․․․
«Իրիկուն մը դարձյալ դպրոցեն արձակվելնես։Հետո, մեր սովորական զբոսավայրը գացի․ ու տեսա, որ միայն Օննիկը հոն էր․ մյուս տղաքները չէին եկած․ ուզեցի ետ դառնալ մինակ ձգելով Օննիկը, բայց անիկա ձեռքը թուղթ մը շաքար՝ քովս եկավ և ինծի տվավ․ ամեն ժամանակե ավելի կվառեին իր աչքերը, զորս ըղձանքով վրաս կհառեր, մինչ ես շաքարները հատիկ-հատիկ բերանս նետելով կուտեի, անզգա այն հաճույքին, զոր իրեն կպատճառեի․ այնչափ զբաղած էի շաքարներովս, որ չկրցա տեսնել, թե չարաճճին քովս մոտեցած Էր կամաց֊կամաց, ետևես հանկարծ պրկում մը զգացի վզիս շուրջը, ու թաց կրակոտ