շրթներ այտերուս փական, ու, համբույրներու տարափ մը… Ի՞նչ եղա այն վայրկյանին․ պոռալ ուզեցի, չկրցա, կխեղդվեի․ բազուկներս կշարժեի այդ սոսկալի սեղմումեն ազատելու համար։ Վերջապես ձգեց զիս և սկսավ փախչիլ․ կատաղութենես շարժած՝ քար մը առի գետնեն ու ետևեն վազելով գլխուն նետեցի․ Օննիկ աղեխարշ ճիչ մը արձակեց, երկու ձեռքը գլխուն տարավ, որ սկսած էր արյունիլ․ իսկ ես խույս տվի ու ա՛լ անգամ մըն ալ չգացի հոն։ Քիչ հետո մենք ելանք այն գյուղեն և ուրիշ տեղ գացինք…
«Մինչև հիմակ ականջիս մեջն է հեք Օննիկիս կսկծալի աղաղակը․ արդյոք ո՜րքան անիծեց զիս, և սակայն մանկությանս ամենեն անուշ հիշատակն է աս…»։
Ու տիկին Սուրբիկի թուխ աչքերը ամուսնին դարձած՝ տրտմագին արտահայտությամբ մը, թրջած կոպերով։
Այն ատեն ամուսինը, դեմքը երանազեղ ժպիտով մը զվարթացած, ելավ տեղին, կնոջ մոտեցավ, գլուխը ծռեց անոր առջև ու ծոծրակին մազերը բանալով՝ հարցուց․
― Կճանչնա՞ս սա ճերմակ նշանը։
Ու երբ կինը նայվածքը այդ կետին վրա սևեռած էր անբացատրելի ապշությամբ մը, ամուսինը ավելցուց․
— Նետած քարիդ նշանն է…