Այս էջը հաստատված է

Մարդուկը, գիշերվան որոշյալ ժամուն, անցավ դրան առջեվեն, ու աղետին անգիտակ, դարձավ, հոգվոցն հանեց և շտապով մեկնեցավ։ Առտուն, տոտիկ-տոտիկ ու հանդարտ կերպարանքով մերձեցավ եկեղեցվու դրան, և տասնոցն հանելով՝ ներս մտավ․ քիչ մը սարսափած… պարապութենեն զոր աչաց պատրանքի մը վերագրելով, մինչև անկյունը գնաց, ի զուր, չի կար, հոն չէր, ոտվըները քսքրտեց, ձեռներովը պատը շոշափեց, խուլ հեծյուններ ելան կոկորդեն, դարձավ, նորեն դարձավ, և սրտակեղեք վերջին կաղկանձ մը արձակելով՝ ինկավ…

Եվ հիմակ, ամեն առավոտ, նույն ժամուն, սգավոր ծերունին որ ահռելի կերպով կը նիհարնա և կուզը կը խոշորնա, կը մտնե եկեղեցվու դռնեն ներս ու անկյունը, մութին մեջ, բան մը կընե իսկույն ու կը մեկնի։

Հետաքրքիր եղա դիտել թշվառ մարդուն այդ շարժումները։ Ծածկվեցա անկյուն մը ուսկից անկարելի էր երևիլ, և տեսա ծերունին որ գաղտագողի ակնարկ մը նետելով չորս բոլորը, ծընրադրեց, գլուխն երկնցուց և սկսավ տենչանոք պատը լզվրռտել ։