Այս էջը հաստատված է
Եվ ձյունը կտեղար զարհուրելի հանդարտությամբ, անհարթությունները հավասարցնելով, և ա՜լ սկսելով կաղապարել երկու մանուկներուն ազազուն անդամները, որոնք հետզհետե անշարժության կդատապարտվեին. կսկիծին ու ցուրտին սաստկությունը գինովություն կուտային այդ մատաղ ուղեղներուն։
Դեռ կշարժեին սակայն․ իրենց մատները դեռ կպտըտցունեին հողին վրա. գերագույն ճիգ՝ առջի մայրիկն երևան հանելու։ Ու երես-երեսի, շունչ-շնչի՝ հազիվ կրնային հծծել․
— Առջի մայրի՜կ, մենք ենք...
Բայց ձյունի խավերը շատցան, ճերմակ կտկուղ պատանքի մը մեջ պլորեցին երկու գիրկընդխառն մարմինները, որոնցմե հուսկ հետին հծծուն մըն ալ բարձրացավ գերեզմանոցին տըրտմակուռ հանդարտության մեջեն․
— Առջի մայրի՜կը…