Առտուները, արևին ծագելուն առաջ, Կումիկ, ծովերուն վրա ամառվան տոթերեն և ձմեռվան քամիներեն չորցած կռնծած մորթով քսան հինգ տարու երիտասարդ, նավակայքն խոնավ և ստվերոտ մթնոլորտը կը շնչեր այն ջերմեռանդությամբը զոր հավատացյալը կունենա աղոթատեղիին մեջ, աստվածային պատկերներուն առջև։ Հոն վերը կը պառկեր, տանիքին թանձր սև գերաններուն խաչաձևումեն կազմված խցիկ մը, անճանաչ խշտիքի մը վրա, ողորմելի շնհարկ՝ ուր ան իր խոնջաբեկ անդամները կը փռեր, իբր թե փետրալից անկողնի մը վրա ըլլար։ Անոր քով, գետինը, վարակի մը ծակը աշտանակի վերածված, կիսամաշ մոմ մը կը կրեր, չորս կողմը կույտ–կույտ հալած եղերով․ որոնք մանր պտիկներով վեր կը բարձրանային, հետզհետե լայնանալով ու տարածվելով։ Աթոռակ մը, որուն հարդը տակեն դուրս կը պոռթկար, փոքր արկղ մը, փայտե կտորվանքներե հարմարցված, հայելիի եռանկյուն բեկոր մը որմախորշի մը մեջ տեղավորված, ահա ամբողջ կահ կարասին որուն մեջ Կումիկ կապրեցներ իր դժդնակ չարքաշ ամուրիությունը։ — Արթննալուն պես, կարճ փոթուռը սրունքներեն վեր քաշելով, վար կը նետվեր, նավակայքը, ուր կը մակաղեին՝ գիշերն ի բուն՝ նավակներն ու մակույկները, իրենց տերերեն որբ, քով քովի, ձողակերտ ցանցերուն վրա հանգչած՝ որոնց ներքև ջուրը, զսպված, կը ծեծկվի, կը խլրտա մթության մեջ խոլ հածյուններով, խորհրդապահորեն․
Էջ:Novellas of Erukhan.djvu/214
Այս էջը հաստատված է