զոր մինչև այն ատեն չէր զգացած, հարցուց Սարգիսին թե ո՞վ էր այդ աղջիկը։
— Չամաշըրճի Հոռոփին ախճիկն է․․․ ի՞նչ է. ծո, ալքդ խածա՞վ․․․։
― Ինչո՜ւս պետք, ճանըմ, ըսավ Կումիկ անտարբեր ձևանալով և իր խցիկը ցատքեց, որ ճիշտ քովն էր։
Հետևյալ օրը, ծովին վրա, բազմալար կարթը վարած միջոցին, Կումիկ սևաչվի աղջիկը կը մտածեր, անոր թափթփած մազերը, վավաշոտ շրթունքը և ոտքին մատվըները, որոնք կատվին հետ կը խաղային։ Ինքնաբերաբար, մակույկը վեր քաջելեն հետո, նորեն Սարգիսին խուցը ելավ փոխանակ իրենին։ Աղջիկը հոն չէր։ Մյուս իրիկունը նորեն ատանկ։ Երրորդ գիշերը աղջիկը եկած էր, ծրարը բերելու․ գերանին կրթնած, բոպիկ ոտքը մուճակեն դուրս հանելով նորեն կատվի հետը կը խաղար, անոր բուրդին տաքուկ շոշափումեն կարծես մեղկ հաճույք մը զգալով։ Կումիկ, գունատ և մտածկոտ, դուրս ելավ, իր խուցին դրանը առջև կեցավ։ Երբ աղջիկը կերթար, կանչեց․
— Սա իմին շամաշըրներս ալ կը վլա՞ք, հարցուց։
— Ինչո՞ւ չէ, ըսավ աղջիկը ու համարձակ մը Կումիկին խուցը մտավ։ Ձկնորսը խոհուն էր։ Նստավ իր անկողնին վրա, և աղջիկն ալ հրավիրեց նստիլ կոտրած աթոռակին վրա։
— Բերո՛ւզ, ըսավ, սուտ եմ․ չամաշըր չունիմ․․․ ամա․․․
Աղջիկը զարամցած, մանչուն երեսը կը նայեր։
— Մի՛ սրդողիր, անուշ քուրիկս, ավելցուց Կումիկ, չամաշըր չունիմ տալու ամա ուրիշ բան մը ունիմ ըսելու․․․։
Աղջիկը ոտքի ելավ, աչքերը բացած։
— Ինծի կառնե՞ս, Բերո՛ւզ, ըսավ երիտասարդը պաղատանքով մը ծնրադրելով անոր առջև։
Աղջկան նայվածքը մեկեն ի մեկ մեղմացավ, անուշցավ, նստավ նորեն աթոռակին վրա, երկու ձեռքերովը այտերը պըռնած, տղուն նայելով պիշ-պիշ։
— Ասկեց կելլամ, Բերո՛ւզ, դուրսը աղվոր օտա մը կը պըռնեմ, կը շարունակեր Կումիկը, քի կարգվինք նե ըռհաթ ըլլաս․․․․ էկու չէ մըսեր, Բերո՛ւզ․․․ հոգիդ սիրեմ․․․ չես խաբվիր։