ՄԱՐԿՈՍ ԱՂԲՈՐ ՍԵՐԸ
Մարկոս աղբարը խեղճ մարդ մըն էր. վաթսուն տարու ըլլալու էր. իրեն ըսածին նայելով՝ բախտավոր մեկն եղած էր անցյալումն, բայց ձախողություններ այդ վիճակին մեջ ձգած էին զինքը։ Ո՞ւսկից կուգար, ո՛չ ոք գիտեր. օրին մեկը երևան ելած էր հանկարծ և անոր ասոր աղաչած էր որ մանր մունր ծառայություններ ընել տան իրեն տուներու մեջ, անօթի չի մեռնելու համար։ Քիչ մը խենդուկ էր և ծայրահեղապես դյուրահավան։ Եվ սկսած էր տուները մտնել ելնել, ջուր կրելով տախտակ սրբելով ու ավլելով, բեռ կրելով։ Թաղին կիներն ու աղջիկները հետը կիյնային կատակներ ընելով անոր ու ծաղրելով զայն կերևա թե Մարկոս աղբար, չդժկամելե զատ, հաճույք կը զգար գողտրիկ սեռին այդ մտերմությունեն. շատ անգամ ինք գրգիռ կուտար, խոսք կը նետեր, շեղակի խոլ ակնարկ մը սևեռելով աղջկան մը կամ կնոջ մը դեմքին. ընդհանուր ծիծաղ մը առաջ կուգար այն ատեն՝ որուն ինքն ալ կը մասնակցեր դիվային քըրքիջով մը։ Առտուներն այդ փողոցը երևալուն պես, տանց պատուհաններեն տղայք, աղջկունք, կանայք «բարի լույս, Մարկոս աղբար» կը պոռային, որոց կը պատասխաներ գլխի շարժումներով, այլանդակ ծամածռություններով, ծիծաղաշարժ ծեքծեքումներով. վայրկյան մը ետքը նորեն կերևար, այս անգամ ձեռքը դույլեր բռնած, զորս լեցնելու կը տաներ. չարաճճի տղաքներ երբեմն կից մը զարնելով կը թափեին ջուրը, որով խեղճ մարդը կը պարտավորեր ետ դառնալ և նորեն լեցունել, քանի մը հիշոցներ մրմռալով։ Իրիկունները, օրվան մեջ չարաչար աշխատելե