Այս էջը հաստատված է

ետք, կը հանգստանար տան մը դրան առջև նստելով․ և այն տեն կը շրջապատվեր փողոցի փոքրիկ աղջիկներեն, որք կը ճլվլային անոր բոլորտիքը, կը քրքջեին, կր կատակեին, ֆեսեն կը քաշէին, քիթին կը զարնեին, պեխը կը փրցնէին, իրենց այդ չարիքին մեջ իսկ չարաճճի պչրանք մը ցույց տալով այդ ողորմուկ մարդուն։

— Ինծի կառնե՞ս, Մարկոս աղբար․— Չէ՛, ինծի պիտի առնե․ — Չըլլար ես կուզեմ․— Ամենեդ ավելի ինծի կը սիրե…

Եվ խեղճ ապուշը շվարած, սա պատասխանը միայն ուներ այդ աչաղկոտ պահանջումներուն․

— Ամենդ ա՛, ամենդ ա՛, կառնեմ։

Այն ատեն տեսնելու բան էր դեմքին արտահայտությունը․ մոլորահայաց աչվըներուն մեջ ըղձատենչ հուր մը կր շողար, դիմագծեր մեղկություն մը կը շնչեին, շուրթերը, զզվելի լորձնոտ շուրթերը կը բացվեին տեսակ մե հեշտախոսություն բուրելով․ և այն աստիճան կը գրգռեին, կը կատղեցնէին զայն, որ ա՛լ համբերությունը հատնելով, մարած զգայնության մը հանկարծական բորբոքման մեջ, կերկնցներ ձեռներն և որուն որ հանդիպեր կը քաշեր իրեն և այն գարշելի շուրթերով տափակ համբույր մը կը փակցուներ վարդերանգ դեմքի մը վրա, և ապա թող կուտար։

Մարկոս աղբար ամենեն ավելի կը հաճախեր Գոհարիկ հանըմին տունը, հինգ հոգիե բաղկացյալ դյուրակյաց ընտանիք մը,— մայր մը, երկու աղջիկներ, մանչ զավակ մը ու պառավ մամիկ մը։

Մեծ տղջիկը, օրիորդ Սուրբիկը, անուշ սև աչվըներով սպիտակ մորթով, թուխ հոնքերով, տասնևութ տարեկան էր, իսկ մյուսը տակավին հազիվ տասը տարու կար։ Մանչը քսան տարու երիտասարդ մըն էր՝ հանգուցյալ հորն հաջորդած անոր վաճառատան մեջ։ Ուրախ զվարթ ընտանիք մըն էր, իր զվարճության գլխավոր առարկան ունենալով Մարկոս աղբարը։

Օրիորդ Սուրբիկ, կնոջական կանխահաս բնազդներով ու պչրանքով տոգորված աղջիկ մը, անսահման ազդեցություն կը բանեցներ Մարկոս աղբոր վրա գրգռիչ ակնարկներ ուղղելով