աչերը մթնցան ու ետ ետ երթալով՝ պահ մը աղջկան` նայեցավ պիշ պիշ․ և ապա կակազելով.
— Ինծի՞, Սուրբի՛կ, ինծի՞, հե՛, ըսավ։
Իր ձայնին մեջ զայրույթի վայրագ շեշտ մը կար որ դողացուց մանկամարդ աղջիկը, երկյուղի պես բան մը սպրդեց անոր սրտին մեջ և սա մեղմիչ խոսքը թելադրեց նմա․
— Աֆ կընես, Մարկոս աղբար, սխալվեցա, միտքս ուրիշ տեղ էր։
Եվ երբ մարդուկը կը հեռանար՝ սիրտն հանդարտած քիչ մը, մանկամարդ աղջիկն արհամարհական երկար նայվածք մը նետելով անոր վրա`
— Խե՜նդ։
Վերջապես ամեն բան լմնցած պատրաստված էր։ Առջի պսակի կիրակին հասած էր․ Մարկոս աղբար, ալ հիմակ հողի վրա չէր քալեր, հրեղեն կակուղ լուսափայլ ամպերու վրա կը տատաներ հեշտօրոր, սրտին մեջ զգալով երկնային անհուն անբացատրելի հրճվանք մը․ հեշտանք մը իր զգայարանաց մեջ, գրգռիչ խոլական թրթռում մը իր մտքին թելերուն վրա։
— Կիրակի գիշեր էկու, ըսին իրեն։
— Քի պսա՞կը ըլլա, հարցուր անսահման զեղումով մը։
— Հապա՛, հապա՛։
Եվ գինովի պես երերտկալեն իր սենյակը գնաց։
Ինչպես հայտնի է հարսնիքի տան մը առջև հետաքրքրաց երամ մը միշտ կը շարժի, կեփի, կեռա։ Մութը կոխելու վրա էր հարավային ուժգին հով մը առտվընե մինչև իրիկուն ամպերու բրդոճներն ավլած էր երկնքին կապույտ կոնին վրայեն, ուր պըլպըլուն աստղեր սկսած էին շարվիլ այն չափով որով մութը սև մելանե անսահման հեղեղի պես կը մրոտեր, կաղտոտեր, կողողեր երկիրը։ Տիկին Գոհարիկին տունը լուսեղեն սյունի մը պես կը ցցվեր գիշերային սևության մեջ․ աննկարագրելի ոգևորություն կը տիրեր ներսը, որուն հետ կրնար մրցիլ դուրսն ալ-