շրջան մը ըրավ իր թմրած երակներուն մեջ, և ուզեց վճռական բան մը ընել․ բայց շարժում մը ըրած միջոցին՝ մեկն անցավ առջևեն, շքեղ հագված երիտասարդ մը՝ զոր քանիցս տեսած էր հոն, և արհամարհոտ ակնարկ մը նետեց իր վրա․ այդ ակնարկը սարսռեցուց զինքը, նորեն թուլցավ, թմրեցավ, պաղեցավ։ Անգամ մըն ալ, երբ տիկին Գոհարիկ անկից կանցներ, Մարկոս աղբար հանկարծ անոր թևեն բռնեց․
— Խե՞նդ ես, ի՞նչ ես, մա՛րդ, հիմա ժամանա՞կն է, ձգե, խելոք կեցիր, ըսավ կինը սաստելով զայն։
Մարկոս աղբար տկար հառաչ մը արձակեց և թող տվավ իր ապագա զոքանչին ձեռքը, մեկ խոսք մը միայն ունենալով իր լայն շրթանցը վրա։
— Թոհա՜ֆ պան։
Իր բնական ապշությունը՝ գերապշության կը հասներ․ ինչո՞ւ զինքը չէին պատվեր, ինչո՞ւ ներս հարսին քով չէին տաներ, ինչո՞ւ իբր փեսա չէին վարվեր իր հետ, այս ամենը ինչո՞ւ չէին ըլլար․ ինչո՞ւ։
Ժամեր անցան այդպես և կես գիշեր եղած էր։ Պստիկ արարողության կը պատրաստվեին. իրարանցում մը առաջ եկավ, ելան, իջան, խոսեցան, փսրտացին։
Քահանաները ոտքի ելած էին, հարսը վար իջած էր բազմոցին անկյունեն, ամեն մարդ ոտին կանգնած էր․ հանկարծական լռություն մը տիրած էր տան մեջ. քահանաներն արդեն սկսած էին իրենց թույլ, թավ, մեռելական ձայնն հնչեցնել․ հարսին դիմաց կանգնած էր նույն երիտասարդը՝ սև զգեստներ հագած, աչերը վայրահակ․ և անոնց քով կեցած էր ուրիշ երիտասարդ մը, խոշոր զարդարուն կերոն մը ի ձեռին։
Մարկոս աղբար աչերը խոշոր խոշոր բացած, թուքը կըլլելով սրտահուզումեն կը մոլտար.
— Պսա՞կն է աճապ։
Այո, կը տեսներ, հարսին ու փեսին գլուխները իրարու կը մոտենային, և հիմակ քահանան կը կարդար այդ նորատի գլուխներուն վրա պսակի աղոթքը։
Մարկոս աղբոր սիրտը թունդ ելավ, դողդղաց։ Հանկարծ