Այս էջը հաստատված է

— Բարի լուս, Աննիկ, ըսավ երիտասարդը։

— Ասծու բարին, մրմնջեց աղջիկը անմիջապես սկսելով բարակ և չոր հազը որ կարմրություն մը բերավ անոր տժգույն այտերուն վրա։

Ալիքսանը պիշ-պիշ անոր երեսը կը նայեր` քիչ մը գունաթափ, հասկնալ ուզելով, թե ուսկից առաջ կուգար այդ գեշ հազը։

— Մսեցուցած ըլլալու է, մրմռաց։

— Է՛լ, Աննիկ, ըսավ մայրը։

— Չէ՛ ասօր չպիտի էլլամ, տուտու, ըռահաթսզ եմ։

Ալիքսան անկողնին մոտեցած էր և գորովազեղ աչվըներով կը զններ իր նշանածին դեմքը, որուն վրա մահվան տխուր թալուկ մըն էր պատած։

— Աննիկ, քեֆսի՞զ ես։

— Սանկ, քիչ մը։

Երիտասարդն ոտքի ելավ և աչք մը ընելով Պետիկին երկուքը մեկտեղ դուրս ելան։

— Սա չերյեկով քիչ մը միս առ Աննիկին, ըսավ քառորդ մը դնելով Պետիկին ձեռքը։

— Օղջ ըլլաս, զավակս, մեկ օրդ հազար ըլլա։

Ալիքսան ուսերը թոթվեց, եմենիներն հագավ ու դուրս ելավ դռնեն մրմռալով.

— Ա՜խ, աս հազը...

Պետիկ ճամբան կը մտածեր.

— Աննիկին հազը կեշ է, կիտեմ... ան հազը մեր կիտցած հազերէն չէ. մինչև առտու քյութուրքյութուր հազաց... վերե՞մ է աճապ. ան ի՞նչ երեսի ըռենկ է, խուվեթ տերման չունի, զավալլը ջոճուխս, քանի ամիս է քի միսի երես տեսած չէ. անճախ հացի մը, թյությունի մը, գիշերե գիշեր երկու թեք ըռախիի բարա կը հանեմ կոր։ Իմ վրաս ալ խուվեթ չէ մնացեր քի առջի պես աշխատիմ... ի՞նչ կըլլար էյեր հիչ աշխարք եկած չըլլայի նե... որո՞ւն բապուճն է իմ ապրիլս... հայտե էս ինչ է նե ըսենք, հապա զավա՞կս, կնի՞կս քի առջի օրեն մեկ աղեկ օրս չի տեսեր...