Այս էջը հաստատված է

պահ մը բացավ աչվըները՝ խոշոր ու տարտամ, և երկար շունչ մը առնելով նորեն գոցեց զանոնք։

Այդ օրը Ալիքսան բժիշկ մը բերած էր հետը. անոր այցելագինը վճարած էր և դեղերն ալ գնած։

Ա՛լ խիղճին վրա բեռ չուներ խեղճ տղան։

— Պետի՞կը վուր մնաց, մրմնջեց Հոռոփ հանըմ, ակնարկ մը նետելով պատուհանեն դուրս։

Լռություն տիրեց։ Ապակիին վրան ձյունին հատիկներուն թափռտուքը կր լսվեր միայն։ Պատուհանին փեղկերեն մին որ ամուր չէր գոցված, կամաց մը բացվեցավ կիսովին և ձյունին ճերմակ հատիկներն սկսեցին ներս ցատքել և անկողնին վրա իյնալ։

Աննիկ, որ նվաղած կերևեր մեկեն ի մեկ բացավ աչվըները խոշոր խոշոր, թևերն ու սրունքները երերցուց անկողնին մեջ ջղաձգորեն, բերանը մեկ քանի անգամ բացավ գոցեց, մարմինը ցնցվեցավ ուժգնորեն ու թեթև հեծյուն մը արձակելե ետք աչվըները փակեց։ Աննիկ մեռած էր։

Հոռոփ հանըմ վեր ցատկեց նստած տեղեն, վասնզի տեսած էր աղջկանը սաստիկ տագնապը և հեղակարծ անշարժությունը, բազուկները բացավ և անկողնին վրա վազեց.

― Օրտտիս[1], գոչելով աղիողորմ ձայնով։

Ու անկողնին վրա ինկավ։

Ալիքսան ոտքի ելած Էր, դալկադեմ, բերանը կծկված, աչվըները սոսկումե և անբացատրելի կսկիծե դուրս ցցված, քայլ մը պիտի առներ դեպի առաջ, երբ փողոցին դուռը զարնվեցավ ուժգնությամբ, կրկին և կրկին անգամ զարնվեցավ. երիտասարդն, իր անհուն վշտին մեջ խելահեղ երկու ձեռքով գլուխը բռնեց, դուրս ելավ խցիկեն ու փողոցին դուռը բացավ։ Մարդ մը դիմացն ելավ հարցուց իրեն.

— Ալիքսանը տո՛ւն էս։

— Էս եմ, հազիվ կրցավ ըսել խեղճ տղան։

  1. Օրտտիս—որդիս բառի ռամկական ձևն է՝ աղջիկ։