Այս էջը հաստատված է
ՊԱՏԱՆԵԿԱՆ ՍԵՐ

Հազիվ տասնևհինգ տարու կար Տիրան, Թափանցիկ մորթով, բարակ հասակով երազային պատանյակ մը, որուն մանկության տարիներն հիվանդությամբ անցած էին շարունակ։ Այդ վտիտ ճղճիմ իրանը մեկ բժշկեն մյուս բժիշկին գիտական հաճույքովը տրորված, չարչրկված էր մինչև որ եկած հասած էր այն տարիքն որում մարմնական ուժերը մեկեն ի մեկ կը զարթնուն, ատաղի ուռճացումով կը վանեն կը հեռացնեն տկար տարիներն, որք բուն դրած կըլլան մատղաշ ազմվածքի մը մանվածապատ հյուսքներուն ու խորշիկներուն մեջ։

Ծնողքն իսկ զարմացած էին թե ինչ տարօրինակ ու խորհրդավոր զորությամբ մը հիմակ տիրան կը բազմանար, կաճեր, երեսին անոսր ու տժգույն մորթին վրա կարմիր մը երևան կուդար, անմեղունակ աղջիկի մը ճակտի հեղակարծ շիկնումին պես անհաճո։ Տիրան իր ծնողքին այս գիրգ պարուրանքեն, խանդաաթ այս շրջապատումեն բնավ չէր շփանար․ ընդհակառակն ավելի համեստ ու հեզաբարո կըլլար, բնական գտնելով անոնց այս ընթացքը։

Խասգյուղ, Պատեմլիքի գեղազվարճ բլրակին վրա կը բնակեին, Զիլիֆտարի և Քեատհանեի ծաղկավետ և անուշաբույր հովիտներուն մեջեն անցնող կենսավետ սյուքը ծծելով հարաժամ, և վայելելով Քարտաղաճի ծովակին մեղմածուփ ալակներն ու գալարավետ կղզյակներուն բարերար տեսքը։ Տիրան աչքին առջևն ունենալով միշտ այս հողի զվարճացնող, սիրտ փայփայող ու միտք զբաղեցնող տեսարանը, երազող եղած, անիրական